Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առկա լարվածությունը բխում է Ռուսաստանի և Իրանի շահերից. Ռուս փորձագետի դիտարկումը
Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առկա լարվածությունը բխում Ռուսաստանի և Իրանի շահերից:
Այդ մասին «Դոյչե Վելլե» լրատվական գործակալության իրանական ծառայությանը տված հարցազրույցում՝ նշել է ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի գիտաշխատող Ելենա Դունաևան:
Ռուս փորձագետը, անդրադառնալով Կասպից ծովում նախատեսված որոշ էներգետիկ նախագծերի իրականացման հնարավորությանը, նշել է, որ Ռուսաստանը դեմ է Կասպից ծովում խողովակաշարի կառուցմանը, ուստի Կասպից ծովում ստեղծված ներկա իրավիճակը քաղաքական և իրավական տեսանկյունից ի օգուտ Ռուսաստանի և Իրանի է:
Շարունակելով թեման՝ Դունաևան հավելել է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը, ինչպես նաև վերջին շրջանում ադրբեջանա-թուրքմենական հարաբերություններում նկատվող լարվածությունն իրենց բացասական ազդեցությունը կունենան ինչպես տրանսկասպյան, այնպես էլ «ՆԱԲՈՒԿՈ» խողովակաշարի գործարկման վրա:
Անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդրին՝ Ելենա Դունաևան նշել է, որ ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունների վատթարացումն ավելի կբարդացնի այդ խնդիրը:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ, որտեղ արդրբեջանական կողմն իր բողոքն էր հայտնել Կասպից ծովի վիճելի տարածքներում Թուրքմենստանի կողմից հետախուզական աշխատանքներ կատարելու առնչությամբ: Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ի պատասխան Բաքվի գործողությունների՝ Թուրքմենստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հասցեին հանդես եկավ խիստ քննադատական հայտարարությամբ, որի մեջ, մասնավորապես, նշվում էր.«Թուրքմենստանի իրավունքն է Կասպից ծովի իր ջրային սահմաններում ոչ ռազմական, հետազոտական աշխատանքներ կատարող նավերի շրջայցեր կազմակերպելը»:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի:
Նախորդող տեղեկատվություն՝ Իրանը պնդում է, որ Կասպից ծովում հայտնաբերված գազի նոր հանքավայրում Ադրբեջանը ոչ մի մասնաբաժին չունի