Հայաստանը դիվանագիտական հարաբերությունն է հաստատելու Կոնգոյի հետ
Հունիսի 21-ին «Ռիո+20» գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել:
Ըստ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ է եղել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրել է իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման մասին: Նախարար Պեյրիսն իր հայաստանյան գործընկերոջը հարվիրեց այցելել Շրի Լանկա:
Գագաթաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան