Նախաքննությանը հայտնի է դարձել «Հարսնաքար»-ի միջադեպի մանրամասները (տեսանյութ)
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում: Ստեղծվել է քննչական խումբ, որն արդեն իրականացրել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել հագուստներ, հարցաքննվել բազմաթիվ վկաներ: Այս պահին ձերբակալված է յոթ հոգի: Հանցագործության հնարավոր այլ մասնակիցների և ականատեսների հայտնաբերելու նպատակով կատարվում են քննչական գործողություններ, ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությանը հայտնի է հետևյալը. մի խումբ ընկերներ, նրանցից մեկի ծննդյան տոնը նշելու համար, հունիսի 17-ի երեկոյան այցելում են Երևանի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագում նրանցից մեկի և համալիրի մատուցողի միջև:
Վիճողները դուրս են գալիս բակ, որտեղ մոտենում են նաև այցելուի ընկերներն ու ռեստորանային համալիրի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը բռունցքով հարվածում է այցելուին: Սրանից րոպեներ անց անվտանգության աշխատողներն ու այլոք ծեծի են ենթարկում այցելուներին:
Տուժածներին ընկերները տեղափոխում են ՊՆ Կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:
Այս պահին ձերբակալված է յոթ մարդ` Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Դավիթ Հայրյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը:
Նախաքննությունը շարունակվում է: