Բնության «չար գործն» ու «սյուրպրիզը» Սևանից հավելյալ 150 մլն խ/մ ջուրբացթողում է պահանջում
Ազգային Ժողովում սկսվեց «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկումը, որը արտահերթ այս նստաշրջանի թերևս ամենակարևոր հարցն է համարվում:
«2012 թվականը մեզ` Ջրային տնտեսությանը «սյուրպրիզ» մատուցեց և մենք դիմում ենք Ազգային Ժողովին, որպեսզի թույլ տա Սևանա լճից հավելյալ 150 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնել»,- օրինագծի քննարկման մեկնարկին հայտարարեց Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը` այդպիսով մատնանշելով օրինագծի հիմնական գաղափարը:
Նրա պարզաբանմամբ, «սյուրպրիզը» նրանում է, որ տարին բավականին սակավաջուր է և հենց այդ պատճառով է, որ ստիպված են ջրային ռեսուրսների դեֆիցիտը լրացնել: Իսկ դա իրականացնելու համար էլ անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը:
Ու թեև խոսքը բացառապես բնապահպանական օրակարգային հարցին է վերաբերում, բայց և այնպես խորհրդարանական որոշ խմբակցությունները բնապահպանական այս խնդիրը տեղափոխեցին քաղաքական հարթություն: Այդպես` օրինագծին անդրադառնալիս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթում շեշտեց, որ նույնիսկ հայրենի բնությունն է երես թեքել այս կառավարությունից:
Իսկ ահա ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը մատնանշեց այն հանգամանքը, թե օրինագիծը հակասում է մայր օրենքի տրամաբանությանը. «Որքա՞ն է իջնելու Սևանի մակարդակը նման թույլտվություն ստանալու դեպքում»,- հետաքրքրվեց նա, ինչին կառավարության ներկայացուցիչ Ա. Անդրեասյանը արձագանքեց, թե հավելյալ ջրբացթողումը տեղավորվում է ընդամենը11-12սմ-ի մեջ. «Սևանը շնչող օրգանիզմ է և տարեկան 50-60 սմ բարձրանում-իջնում է, այնպես որ նախատեսվող ջրբացթողումը որևէ վտանգ չի ներկայացնում… պարզապես այսօր ունենք այն, ինչ ունենք` բնությունն իր չար գործն է արել»,- ընդգծեց կոմիտեի նախագահը:
Նշենք, որ օրինագիծը միանշանակ չի ընդունվել բնապահպանների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան