Գերմանիայի դեսպանը հրաժեշտ տվեց նաև ԱԺ նախագահին
Գերմանիայի դեսպանը Հայաստանից հեռանալուց առաջ եղավ նաև Ազգային Ժողովում. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական միջպետական և միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը և զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:
Իր հերթին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհեն Շմիդթը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին համագործակցության համար ու նշել, որ իր պաշտոնավարության տարիների ընթացքում Հայաստանը զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը և փոխադարձ այցերը ` իբրև հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարևոր գործոն: