Հ. Աբրահամյանը չի ուզում` քաղաքականության մեջ իրեն կապեն Ծառուկյանի հետ
«Голос Армении» թերթը, վերլուծականով անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը, նշում է, որ վերջինս ոչ մի կերպ չի ցանկանում մեկնաբանել իր՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո արված այն հայտարարությունը, թե «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Ըստ թերթի, Հ.Աբրահամյանը համառորեն չի ցանկանում խոստովանել, թե ում էին իրականում ուղղված իր այդ խոսքերը:
Թերթը նաև գրում է, որ այս ամենին զուգահեռ` Հովիկ Աբրահամյանը վերջին օրերին առատորեն հարցազրույցներ էր տալիս, որոնց ընթացքում անընդհատ շեշտում էր այն միտքը թե «ինչ-որ մարդիկ, կապելով իրեն Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-ի հետ, փորձում էին փչացնել իր և նախագահի հարաբերությունները»: Թերթը նաև մեջբերել է Հովիկ Աբրահամյանի այն խոսքերը, որ «Եթե ինձ չվստահեին, ապա դժվար թե ես գլխավորեի ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը»: Թերթը նաև հավելում է, որ Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի չեզոքացնի իր խնամի Գագիկ Ծառուկյանի հետ բոլոր քաղաքական զուգահեռները: Հենց այդ պատճառով, ըստ թերթի, վերջինս անընդհատ կրկնում է այն միտքը, որ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է սատարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: