Վահե Ավետյանին հսկում են լավագույն մասնագետները. նրան այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա
«Հարսնաքար»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով այժմ զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Պաշտպանության նախարարության մայոր, նույն հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավար Վահե Ավետյանի վիճակը շարունակում մնալ ծայրահեղ ծանր, նա գտնվում է և ռազմական, և քաղաքացիական բժիշկների ամենօրյա հսկողության ներքո:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նա տեղեկացրեց, որ բժիշկ մասնագետների մասնակցությամբ պարբերաբար բժշկական կոնսիլիումներ են տեղի ունենում, որոնց ընթացքում քննարկվող հարցերը, բնականաբար, գաղտնի են:
«Մասնագետները բուժման ընթացքը, վիճակը ուսումնասիրում են և բուժման մեջ համապատասխան կորեկցիաներ են մտցնում: Վիճակի փոփոխություն դեռ չկա, բայց խնդիրն այն է, որ կայունությունն են պահպանում: Ներգրավված են հանրապետության լավագույն մասնագետները, և այդ ամենը անձամբ առողջապահության նախարարի հսկողության տակ է», -փոխանցեց պարոն Քրմոյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է Վահե Ավետյանի բուժումը շարունակվի արտերկրում, Քրմոյանը պատասխանեց, որ նրան այս պահին տեղափոխելու կարիք չկա: «Այս պահին նրան դուրս տանելու կարիք չկա: Այն, ինչ դրսում պետք է անեին, այստեղ այդ ամենն արվում է», -նշեց Քրմոյանը` նկատելով, որ այս պահի դրությամբ իրավիճակը վերահսկելի է:
Նույն միջադեպի հետևանքով տուժածներ` պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը և զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը ապաքինվում են:
Panorama.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»:
Քրեական գործի նախաքննության շրջանակներում 7 անձ ձերբակալվել էր, այնուհետև՝ կալանավորվել:
Նախաքննությանը հայտնի է դարձել «Հարսնաքար»-ի միջադեպի մանրամասները (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան