Վարդան Օսկանյանը ցանկություն է հայտնել հրապարակել վիճահարույց փաստաթղթերը
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը որպես վկա անցնում է «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության առնչությամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով, ցանկություն է հայտնել հրապարակել հիմնադրամի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վարդան Օսկանյանի պաշտպպան Տիգրան Աթանեսյանը:
«Մենք ցանկություն ենք հայտնել հրապարակել որոշ փաստաթղթեր, որպեսզի հանրությունը իմանա ինչի մասին է խոսքը», -հավելեց փաստաբանը` նկատելով, որ նախաքննական մարմինը դեռ չի պատասխանել` թո՞ւյլ են տալիս հրապարակել այդ տեղեկությունները, թե՞ ոչ:
Մեր հարցին, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, փաստաբանը պատասխանեց. «Դրանք այնպիսի փաստաթղթեր են, որոնք վերաբերում են այն իրադարձություններին, որը իրենք համարում են փողերի լվացում, իսկ մենք համարում ենք սովորական երևույթ»:
Այսօր ԱԱԾ-ում, ըստ փաստաբանի, Օսկանյանը դարձյալ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Իսկ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Օսկանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը համոզված է` իրենք գործել են թափանցիկ:
«Ես ուղղակի համոզված եմ իմ և Սիվիլիթաս-ի թափանցիկության, օրենքի տառին և ոգուն միշտ համահունչ գործելու վրա: Այնպես որ ժամանակը այդ բոլորը ցույց կտա», -հայտարարեց նա` նշելով, որ «Սիվիլիթաս»-ի հաշվապահությունը վարում է Հայաստանում գործող «հեղինակավոր հաշվապահական մի ընկերություն»:
«Ամեն ինչ մանրամասն նրանց մոտ կա, ամեն ինչ թափանցիկ է: Հարկային գերատեսչության քննությունը մեզ համար նաև օգտակար կարող է լինել և կհամոզվեն, որ «Սիվիլիթաս»-ում ամեն ինչ արվել է օրենքի տառին և ոգուն համահունչ», -հավելեց Օսկանյանը:
Նշենք, որ փաստաբան Աթանեսյանը ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայության` քրեական գործ հարուցելու մասին որոշումը բողոքարկել է Գլխավոր դատախազություն: Այստեղից առայժմ պատասխան չկա: «30 օրվա ընթացքում չստանանք պատասխան, կդիմենք դատարան», -ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, Հայաստանի ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր Մատերիալս» և «Հանթսման Ինթերնեյշնլ» կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով:
Նախորդիվ`
Եթե կարիք լինի, Հանթսմանների ընտանիքը հանդես կգա հայտարարությամբ. Օսկանյանի փաստաբանի հարցազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան