Ն.Զոհրաբյան. Խավիարային դիվանագիտություն` ադրբեջանցիները «բլոկներով» գնում են եվրոպացի պատգամավորներին
Եվրոպական հեղինակավոր հասարակական մի կազմակերպություն «Խավիարային դիվանագիտություն» վերտառությամբ մի վերլուծություն է կատարել և ուղարկել այն ԵԽԽՎ, որում փաստերով ու անվանական նշված են ԵԽԽՎ ավելի քան 20 պատգամավորներ, որոնք կաշառված են Ադրբեջանի կողմից: Այս մասին Panorama.am-ին Ստրասբուրգից հայտնեց հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` տեղեկացնելով վեհաժողովի ամառային նստաշրջանի առաջին օրվա կարևոր իրադարձություններից մեկի մասին:
Իրապես լուրջ վերլուծություն որակելով` Նաիրա Զոհրաբյանը մանրամասնեց.
«Այդ պատգամավորների թվում են մեզ քաջ հայտնի, հակահայ Մարկ Խենկոկը և այլոք: Վերլուծությունում նշված է, որ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ այս պատգամավորները Ադրբեջանի իշխանությունների կողմից մոտ 600 գրամանոց տուփերով սև խավիար ու դրամական խրախուսանքներ են ստանում»,- նշեց նա:
« Ադրբեջանի կողմից փաթեթներով եվրոպացի պատգամավորներ գնելը` տարբեր միջազգային կառույցներում լրջագույն փաստի առաջ կարող է կանգնացնել այդ երկրները. այդ պատգամավորները ` լինի ԵԽԽՎ-ն թե այլ կառույց, սկսում են ուղղակիորեն զբաղվել Ադրբեջանի բացահայտ ու չքողարկված լոբբինգով»:
«Մեր տեղեկություններով, ադրբեջանական պատվիրակությունն այս պահին բոլոր ջանքերը գործադրում է, օգտագործելով նաև իրենց իսկ կողմից խավիարով կաշառված եվրոպացիներին, որպեսզի որևէ քաղաքական քննարկման առարկա այդ հկ-ի կողմից ներկայացված վերլուծությունը չդառնա: Բայց ես չեմ բացառում, որ այս նստաշրջանի ժամանակ, տարբեր ֆորմատներում տեղի ունեցող քննարկումներում անդրադարձ կատարվի այդ վերլուծությանը, որովհետև իսկապես արդեն Ադրբեջանի կողմից միջազգային կառույցներում աշխատող եվրոպացիներին կաշառելը լրջագույն մարտահրավեր ու խնդիր է այս կառույցների իրական արժեհամակարգի համար»,- ընդգծեց ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը:
Ն.Զոհրաբյանը հավելեց նաև, որ տեղեկություններ կան, որը վեհաժողովի քարտուղարությունը շտապել է հերքել, որ անգամ ԵԽԽՎ քարտուղարության ներկայացուցիչներ ևս կաշառված են ադրբեջանական «խավիարային մոդելով»:
Մեր հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք հավանական է համարում, որ վերլուծությունը համարժեք արձագանքի արժանանա միջազգային այս կառույցում, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ անձնապես հույս չունի, բայց այն, որ անվանական նշվում են պատգամավորներ, որոնք կաշառված են Ադրբեջանի կողմից, սա իրապես ինչ-որ տեղաշարժ է.խնդիրը հրապարակայնացվում է:
«Անշուշտ այն, որ խնդիրը արդեն իսկ բարձրաձայնվում է ու բարձրաձայնվում է ոչ թե հայկական պատվիրակության, այլ հենց եվրոպացիների կողմից շատ եմ կարևորում, քանի որ մեր պատվիրակությունը վերջին երկու տարիներին այս մասին շատ է խոսել ու ահազանգել, իսկ հիմա մենք աշխատում ենք չեզոքություն պահպանել ու այլևս չխոսել այդ վերլուծության մասին: Թող Եվրոպան տեսնի, որ այս խնդիրը իսկապես դառնում է լրջագույն մարտահրավեր, քանի որ Ադրբեջանը բլոկներով գնում է եվրոպացի պատգամավորների»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան