Ծածկադմփո՞ց. Վարժանքի ժամանակ մահացած զինվորի գործով դեռևս մարդ չի ձերբակալվել
Հադրութի զորամասերից մեկում Գյումրիից զորակոչված շարքային զինծառայող 19-ամյա Արմեն Հարությունյանի մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մահվանից մեկ ամիս անց որևէ անձ չի ձերբակալվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ Քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը: Մեր հարցադրմանը, թե ինչո՞ւ մինչ այժմ ձերբակալվածներ չկան, առավել ևս երբ հայտնի է` որտեղ է դեպքը տեղի ունեցել և թվում է, թե հայտնի են ուսումնական պարապմունքի պատասխանատուները, Մերի Սարգսյանն ասաց, որ չի կարող ոչինչ ասել:
Հիշեցնենք` 19-ամյա զինծառայողը մահացել էր ուսումնամարզական վարժանքի ժամանակ, մարտական ականը հողի մեջ տեղադրելու ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Փաստի առթիվ ՀՀ Պն քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգքրի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որը առաջացրել է անզգուշությամբ ծանր հետևանքներ»:
Նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ականներից մեկը փաստորեն, մարտական է եղել, իսկ ուսումնավարժական պարապմունքի ժամանակ մարտական ական չպետք է լիներ: Առնվազն տարօրինակ է` ինչո՞ւ են մարտական ականները հայտնվում ուսումնական պարապմունքի ժամանակ:
Ընդհանրապես, այս լուրը շատ տարօրինակ կերպով հայտնվեց լրատվամիջոցներում: Զինծառայողը մահացել էր մայիսի 17-ին, իսկ այդ մասին լուրը տարածվել լրատվամիջոցներով Գյումրիում գործող «Ասպարեզ» լրատվական գործակալության կողմից այն հանրայնացվելուց հետո: Բանն այն է, որ լրատվամիջոցի պատասխանատու Լևոն Բարսեղյանը, ինչպես ինքն էր ասել, պատահաբար իմացել է, որ Գյումրիում զինվոր է մահացել, այցելել է մահացած զինվորի հարազատներին, որտեղ նրան ներկայացրել են զինվորի մահը հաստատող բժշկական փաստաթուղթը (N 206091545818, 18.05.2012), ոորւմ ասվում է. «Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի զույգ վերին և ստորին վերջույթների համակցված ականապայթյունային վնասվածք, ստորագրված է` բժիշկ Մելքոնյան Հ.Ֆ»:
Հարազատները լրատվամիջոցին պատմել էին, որ Արմենը մահացել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ վարժություններ են կատարել նռնակներով. «Վարժական նռնակների արկղում բոլոր վարժական` ոչ վտանգավոր, նռնակների հետ մեկական մարտական նռնակ է եղել, իսկ զինվորները չեն իմացել, և Արմենը, փաստորեն զոհվել է այդ նռնակի պայթյունից», նշել էին հարազատները:
Առնվազն տարօրինակ է, որ մահվան դեպքից միայն երեք օր անց հրապարակվեց պաշտոնական հաղորդագրությունը: Էլ ավելի տարօրինակ է, որ մինչ այժմ որևէ մեկը հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված չէ:
Հադրութում զինծառայող է զոհվել. Ասպարեզ
Զինծառայողը պարապմունքի ժամանակ մահացել է մարտական ականի պայթյունից. Ինչո՞ւ էր ՊԲ-ն լռել
Ուսումնական պարապմունքի ժամանակ պայթյունից մահացած զինվորի գործով առայժմ ձերբակալվածներ չկան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա