Ա. Աշոտյան. Կրթության ոլորտում փոփոխությունները ոչ մի պահ չեն դադարելու
«Կառավարության այն ծրագիրը, որը հաստատվեց` իր կրթության բաղադրիչով, մարդակենտրոն է և իր մեջ սինթեզել է կրթության բովանդակության վրա դրվող մեր շեշտադրումները ու կրում է նաև սոցիալական բնույթ»,- այսօր անդրադառնալով կառավարության ծրագրին և մասնավորապես կրթության ոլորտը ներառող ծրագրային դրույթներին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ կրթության ոլորտում փոփոխությունները ոչ մի պահ չեն դադարելու:
Նա առանձնացրեց կառավարության ծրագրում ներառված մի քանի փոփոխություններ և նշեց. «Ամենաուշագրավներից մեկը երաշխավորված 9-ամյա կրթությունից պարտադիր 12-ամյա կրթության անցնելու ծրագիրն է: Կարծում եմ, Հայաստանում հասունացել է այն պահը, երբ մենք պետք է բարձրացնենք ՀՀ քաղաքացիների նվազագույն պարտադիր կրթական շեմը` այդ թվում մասնագիտական կրթության միջոցով»:
ԿԳ նախարարը հայտնեց, որ 9-րդ դասարանն ավարտելուց հետո ՀՀ դպրոցահասակ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է լինելու շարունակել իր ուսումը կամ ավագ դպրոցում կամ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Նա նաև ասաց, որ մասնագիտական կրթությունը դառնալու է անվճար և մասնագիտական կրթության ոլորտում անցում է կատարվելու տոտալ անվճար կրթության:
Անդրադառնալով հաջորդ ծրագրին, Ա. Աշոտյանը նշեց, որ նախատեսվում է 2017 թվականի ավարտին ունենալ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների 90 տոկոսանոց ընդգրկում նախադպրոցական հաստատությունների մեջ:
«Սա նշանակում է, որ 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսը պետք է հնարավորություն ունենան հաճախելու որևէ նախակրթարան: Այս ծրագիրը կարևորվում է այն հանգամանքով, որ որքան վաղ է երեխան սկսում շփվել կրթական համակարգի հետ, այնքան լավ է սովորում հետո և բացի այդ, վաղ տարիքում նախակրթական հաստատություններ հաճախած երեխաները ավելի լավ են սոցիալիզացվում»,- հավելեց ԿԳ նախարարը:
Նա նաև հայտնեց, որ ինտեգրացիոն գործընթացներում հայկական ինքնությունն ու արմատները չկորցնելու համար նախատեսվում է դպրոցներում մտցնել ազգային երգի ու պարի դասաժամեր:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են