Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է. տարեկան 200 հազար մարդ է մահանում
Այսօր Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազագային օրն է:
1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է ընդունել հունիսի 26-ը նշել որպես Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Նույն տարի, միջազգային կոնֆերանսի առաջարկությունների հիման վրա, հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը:
Թմրամիջոցների շրջանառության վերահսկման փորձն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Դեռևս 1909 թվականին Շանհայի, այսպես կոչված, «Ափիոնի հանձնաժողովի» մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել: Եվ այսօր` ավելի քան մեկ դար անց, իրավապահ մարմինները, ցավոք սրտի, դեռևս հեռու են այս խնդրի լուծումից:
Ամեն տարի ամբողջ աշխարհում շուրջ 210 միլիոն մարդ օգտագործում է արգելված թմրամիջոցներ, նրանցից գրեթե 200.000-ը մահանում է: Թմրամիջոցների օգտագործումը լրջագույն ռիսկ է վարակիչ հիվանդությունների տարծման առումով:
Թմրամիջոցների օգտագործումը և դրանց ապօրինի շրջանառությունը վտանգ են ներկայացնում ոչ միայն բնակչության առողջական վիճակի, այլև համընդհանուր կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Սակայն սա միայն առողջապահական կամ իրավական խնդիր չէ:
Համապարփակ մոտեցման շնորհիվ, որը ներառում է թմրամիջոցների մատակարարման և պահանջարկի հակազդեցության` արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, հասարակությունը կարող է թմրամիջոցների առաջացրած բացասական հետևանքների սահմանափակման հարցում հասնել նկատելի արդյունքի:
Թմրամիջոցների կիրառման կանխարգելիչ միջոցառումները, բուժմանն ու խնամքին առնչվող խնդիրները, հնարավոր է իրականցնել քաղաքացիական հասարակության առաջատար կազմակերպությունների հետ համատեղ` ռազմավարական մոտեցումներ մշակելով, որի հիմքը պետք է հանդիսանա հասարակությունը, դրանով իսկ մարդուն դարձնելով այդ նախաձեռնության հիմնական թիրախը:
Ըստ առողջապահության նախարարության, այսօր մեր երկրում գործում է «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի» 2010-2012թթ. ազգային ծրագիրը:
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնին հարող տարածքում) օրվա առթիվ կանցկացնի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։