Դանակահարություն Գյումրիում. Նորից շրջանառվում է քաղաքապետ Վ. Ղուկասյանի որդու անունը
«Հրապարակը» տպագրել է Գյումրիի բնակիչներից մեկի` խմբագրություն ուղարկած նամակը, որում մասնավորապես գրված է. «Գյումրիի փողոցներից մեկում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իր թիկնապահների հետ օրը ցերեկով, մարդկանց աչքի առջև, այդ թվում` բազմաթիվ երեխաների, վայրենաբար ծեծել-ջարդել է մի սպորտսմեն երիտասարդի: Սկզբում փողոցի մեջտեղում քաղաքապետի որդին իր թիկնազորի հետ վեճի է բռնվել սպորտսմենի հետ, ապա սկսել են հայհոյանքները, որին հաջորդել ծեծը, իսկ վերջում, դանակով հարվածներ հասցնելով երիտասարդին, Ղուկասյանի որդին, իր շքախմբով շտապ նստելով իր 99 999 համարանիշներով մեքենան, լքել է տարածքը` տուժածին արնաքամ և անօգնական վիճակում թողնելով: Որից հետո միայն երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց և վիրահատել»: Նամակագիրը հայտնում է, որ տեղի ոստիկանությունը կարծես մտադիր է կոծկել դեպքը և քայլերի չի ձեռնարկում: Գյումրեցի տիկինը խնդրել է խմբագրությանը անհետևանք չթողնել այս գործը, քանի որ, իր խոսքերով, Գյումրիում անպատժելիության մթնոլորտն այլևս սահման չունի:
Թերթը պարզել է, որ ոստիկանությունում դեպքի հետ կապված հաղորդում է ստացվել, սակայն գործ դեռ չի հարուցվել, ըստ ոստիկանության` նյութեր են նախապատրաստվում: Վարդան Ղուկասյանի տեղակալ Գառնիկ Մանուկյանն էլ թերթի հետ զրույցում ասել է. «Գուցե դեպք է եղել, բայց քաղաքապետի որդին դրա հետ առնչություն չունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան