Դիմորդը մտահոգություններն է հայտնում ընդունելության քննությունների վերաբերյալ. Նամակ ԿԳ նախարարին
Այս տարվա պետական միասնական քննություններին մասնակցած մի երիտասարդ, իր դժգոհություններն է արտահայտել Panorama.am-ի ֆեյսբուքյան էջին ուղարկված նամակում: Նա հանդես է եկել Սաքո Բալդարյան անունով և 2012թ-ի ընդունելության քննությունների մասին իր մտահոգություններն արտահայտել ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված այս նամակում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Տողերիս հեղինակը հարկադրված է ցավով արձանագրել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող քննակարգի արտաքին շպարի տակ թաքնված ախտահարվածության ողջ պատկերը: Իմ քննարկման ու Ձեր ուշադրության առարկան պիտի դարձնեմ միասնական քննության շրջանում դիտվող քննախախտումների այն փաթեթը, որին առնչվել եմ անձամբ, և որի վնասարարությունը ստիպում է ինձ խնդրանք հասցեագրել ՀՀ ԿԳ նախարարին՝ հույսով, որ խնդրանքս հայտնվելու է կրթական համակարգի կայացմամբ շահագրգիռ ու շրջանավարտ-դիմորդների արդարացի հոգսերով մտահոգ անձնավորության հոգածության տակ:
Պարո՛ն Աշոտյան, ընդունելության քննությունների միասնական եղանակաձևը, այո՛, նախընտրելի է նախորդից, սակայն այդ «նախընտրելիությունը» այլակերպվում է, երբ դիմորդը տեսնում-հասկանում է բաներ, որոնք վերևում հիշատակված «նախընտրելիության այլակերպման» «մեղավորներն» են: Այսպես՝ դիմորդի սեղանին դրվում են միմյանցից միանգամայն տարբեր թեստեր: Խնդիրը ավելի է բարդանում, երբ այդ թեստերից մեկում հայտնվում է վրիպակով առաջադրանք, որը, չնայած բողոքներին, այդպես էլ մնում է ՉԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՎՐԻՊԱԿ: Ասվածը վերաբերում է 2012 թ. «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության 1-ին ու 3-րդ թեստերի 58-րդ առաջադրանքին: Ըստ «Շտեմարան. 4-րդ մաս»-ի՝ տրված 10 բառերից նախ(ա)- նախածանցը նոր բառ (առանց երկրորդ ածանցի) կազմում է վեցի հետ: Բայց ԳԹԿ-ի պաշտոնական ճիշտ պատասխաններից ստացվում է այնպես, որ հիշյալ նախածանցը նույն պայմանի դեպքում արդեն յոթ բառի հետ է նոր բառ (առանց երկրորդ ածանցի) կազմում: Ուշադրությու՛ն. սույն առաջադրանքը վրիպակ չէ՝ ըստ շտեմարանի վերջում բերված վրիպակների ցանկում: Հաշվի առնելով 2012 թ. ապրիլի 6-ին «Հրապարակում» հաղորդման ժամանակ ՀՀ ԿԳ փոխնախարարի տված խոստումը, որի համաձայն՝ քննական թեստերում չեն լինելու այն հարցերը, որոնց՝ վրիպակ լինելը փաստագրված չէ շտեմարանի վերջում ( տե՛ս http://gov.am/am/hraparakum/item/275/ ) , ստացվում է այնպես, որ քննական գործընթացը ուղեկցվում է խոստումնազանցությամբ:
Պարո՛ն նախարար, խնդրում եմ Ձեր միջնորդությունը այս հարցի արդարացի լուծման գործում, քանզի ԳԹԿ-ն բացահայտորեն մերժում է մեր՝ դիմորդներիս արդարացի խնդրանք-հորդորները՝ հիշատակված առաջադրանքը խոտանելու վերաբերյալ:
Այդքան կարևոր 0.25 միավորը
արդարացիորեն վերականգնելու հույսով՝ 2012թ-ի դիմորդ»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են