Orange-ը Հայաստանում ներդրեց հեռախոսների էկո-վարկանիշավորման համակարգ
Orange և Բնության համաշխարհային հիմադրամի (WWF) հայստանյան մասնաճյուղը այսօր հայտարարեցին երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Համագործակցության շրջանակներում Orange Արմենիայի խանութներում և eshop.orangearmenia.am ինտերնետ-խանութում վաճառվող հեռախոսներն ու սմարթֆոններն այսուհետ կունենան էկո-վարկանիշ, որը ցույց է տալիս, թե տվյալ հեռախոսը իր արտադրության ընթացքում օգտագործած տեխնոլոգիաների և նյութերի առումով ինչ չափով է ազդեցություն ունեցել շրջակա միջավայրի վրա: Հեռախոսների էկո-վարկանիշը գնահատվում է 1-5 սանդղակով, և որքան բարձր է հեռախոսի էկո-վարկանիշը, այնքան ավելի քիչ վնասակար բնապահպանական ազդեցություն ունի տվյալ բջջային հեռախոսը:
«Կարևոր օր է Orange-ի համար. որպես պատասխանատու ընկերություն, մենք ուրախ ենք հայաստանյան մեր սպառողներին տալ գիտելիքներ և հնարավորություն` նույնպես լինել պատասխանատու շրջակա միջավայրի նկատմամբ»,- ասաց Orange-ի տնօրեն Բրունո Դյութուան: Նա նշեց, որ այուհետ Orange խանութներում վաճառվող հեռախոսների ու սմարթֆոնների գնապիտակին փակցված կլինի նաև էկո-վարկանիշը, ինչը սպառողներին հնարավորություն կտա էկոլոգիապես ավելի ապահով հեռախոս գնել, այսինքն` սպառողներն ընտրություն կատարելիս հնարավորություն կունենան առաջնորդվել ոչ միայն հեռախոսի հնարավորություններով ու պարամետրերով, այլ նաև լինել ավելի պատասխանատու իրենց ընտրության մեջ:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն ասաց, որ WWF-ն ողջ աշխարհում բիզնես ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձ ունի տարբեր ուղղություններով: «Իսկ այսօր Հայաստանում նմանատիպ համագործակցության մեկնարկը կարող է լավ խթան հանդիսանալ «կանաչ տնտեսության» արժեքների և սկզբունքների առաջխաղացման համար մեր երկրում` դարձնելով այլ գործող բիզնես ընկերություններին բնապահպանական առումով ավելի պատասխանատու»,- ասաց նա:
Orange-ի և WWF համագործակցության շրջանակներում Orange Արմենիան այսուհետև Հայաստանում WWF-ի բնապահպանական գործունեությանը կհատկացնի նաև իր վաճառակետերում յուրաքանչյուր հեռախոսի և սմարթֆոնի վաճառքի գնի 1 տոկոսը: Հեռախոսների վաճառքի 1 տոկոսի չափով WWF-ին փոխանցված գումարը կուղղվի բնապահպանական ծրագրերի իրականացմանը, մասնավորապես` վտանգված կենդանատեսակների պահպանությանը և Հայաստանում բնության զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանը:
Շրջակա միջավայրի վրա բջջային հեռախոսների էկո-վարկանիշը որոշելիս հաշվի են առվում հետևյալ երեք ցուցանիշները. ածխաթթու գազի արտանետումների չափը, բնական ռեսուրսների պահպանման ցուցանիշը, ապրանքի էկոլոգիական մաքուր ինժեներիան:
Orange խմբում այս ծրագիրն արդեն ներդրվել է Ֆրանսիայում, Իսպանիայում և Ռումինայում: Էկո-վարկանիշը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին