Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում ԱԺ-ն ընդդիմության համար. Կարծիքներ ՀՀԿ-ից և ՀԱԿ-ից
«Յուրաքանչյուր ուժն ինքն է որոշում իր քաղաքական գործունեությունն ու քայլերը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ ՀԱԿ-ը ներկայացված է նոր խորհրդարանում ու հնարավորություն ունի ԱԺ ամբիոնից բարձրաձայնելու իր առաջարկների ու նախաձեռնությունների մասին, ապա ցանկալի կլիներ, որ քննարկումները ոչ թե հանրահավաքների, այլ առավել քաղաքակիրթ տարբերակով ընթանան»,- ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը` պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե նա ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի՝ ԱԺ-ում իրականացված գործունեությանը զուգահեռ հանրահավաքների միջոցով քաղաքական գործունեություն իրականացնելը:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այն կարծիքին է, որ լավ կլինի, որ տարբեր հարցերի շուրջ քննարկումները տեղի ունենան ԱԺ-ում:
Հարցին, թե՝ արդյոք ԱԺ-ն քաղաքական ուժերին իրենց դիրքորոշումները ներկայացնելու լիարժեք հնարավորություն տալի՞ս է, պատգամավորը պատասխանեց. «ԱԺ-ն քաղաքական ուժերի հնարավորություն է տալիս լիարժեքորեն ու քաղաքակիրթ մթնոլորտում ներկայացնել ցանկացած հարցի շուրջ ունեցած իրենց մոտեցումները: Ավելին՝ խորհրդարանն ավելի շատ հնարավորությունն է ստեղծում, քան դա քաղաքական ուժերը կարող են ունենալ փողոցում՝ հանրահավաքների միջոցով»:
Հիշեցնենք` Հայ Ազգային կոնգրեսը բազմիցս է հայտարարել, որ խորհրդարանական պայքարին զուգահեռ, չի դադարեցնելու նաև հանրահավաքային պայքարը։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Հանրապետական գործչի այս տեսակետը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ասաց. «Մեր հիմնական ուժը ժողովուրդն է, և շատ լավ գիտակցում ենք, որ ժողովրդի ճնշմամբ կարելի է այս իշխանություններին խելքի բերել, նրանց վրա ազդեցություն գործել: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ յոթ պատգամավորական տեղը շատ լավ է` դա խոսափող է, դա հնարավորություն է, դա ակտիվ քաղաքական գործունեության հնարավորություն է: Բայց գորշ մեծամասնության դեմ յոթը քիչ է և այդ տարբերակի համար մենք օգտագործելու ենք մեր բոլոր հնարավորությունները»: