Տ. Աբրահամյան. Ադրբեջանը նման դերակատարության չի հավակնում
«Չեմ կարծում, թե պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական սահմանին կամ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում պարբերաբար դիվերսիոն գործողություններ իրականացնելով կամ դիպուկահարներին առաջնային գծից հետ չքաշելով կարող է նման դերակատարության հավակնել»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի՝ իր երկրի ԶՈՒ օրվա կապակցությամբ հնչեցված այն հայտարարությունը, թե՝ ադրբեջանական բանակը տարածաշրջանում կայունացնող դերակատարություն ունի, ասաց փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
Փորձագետն ընդգծեց, որ եթե Ադրբեջանն իսկապես հետաքրքրված լիներ տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ, ապա առաջնային գծում, նման հաճախակիությամբ, հրադադարի ռեժիմի խախտումների չէր գնա:
Հարցին, թե Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ վերջին տարիներին իր երկրի ռազմական բյուջեն ավել քան 20 անգամ աճել է՝ կազմելով 3.6 մլրդ, Տ. Աբրահամյանը նշեց. «Այն, որ Ադրբեջանը խախտում է «Սովորական սպառազինությունների մասին» պայմանագիրը, միանշանակ է, սակայն երբ այդ մասին հրապարակայնորեն խոստովանում է այդ երկրի առաջին դեմքը, ապա կարծում եմ, որ այդ հայտարարությանը պետք է հետևի համապատասխան միջազգային կառույցների արձագանքը»:
Հարցին, թե՝ արդյո՞ք պատերազմի սպառնալիք չէ Ալիևի այն խոսքերը, թե «մեր բանակի հզորությունը թույլ է տալիս ազատագրել մեր հողերը», փորձագետը նշեց. «Ադրբեջանի նախագահի խոսքերը պատասխան են այն անհասցե հայտարարությունների, որոնք հնչեցվեցին Ադրբեջանի բացահայտ սադրանքներից հետո: Իսկ ինչ վերաբերվում է 2 տասնամյակ շարունակվող պատերազմի սպառնալիքներին ու «հզոր Ադրբեջանի» մասին թեզերին, ապա կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ այլևս անհնար կլինի սեփական հասարակությանը նման ամպագորգոռ հայտարարություններով «կերակրելը»»: