Վարդան Մինասյան. «Մենք արդեն ունենք մեր մրցակից թիմերի ամբողջական պատկերը»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլային ակումբների և հավաքական թիմերի գլխավոր մարզիչների պատվիրակությունը մեկնել էր Լեհաստան`ներկա գտնվելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին: Այցը նախատեսված էր «Pro» մարզչական արտոնագրի դասընթացի ունկնդիրների ծրագրով և համարվում էր դասընթացի փուլերից մեկը: Մեր ֆուտբոլային մասնագետներն այցելել և ուսումնասիրել են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական խմբում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցների՝ Իտալիայի, Չեխիայի և Դանիայի ընտրանիների հանդիպումները: Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով բացառիկ հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակցին:
- Պրն Մինասյան, ինչպիսի՞ տպավորությոններով եք վերադարձել Եվրոպայի առաջնությունից:
- Նախ ասեմ, որ ես առաջին անգամ էի ներկա նման մրցաշարի և պետք է նշեմ, որ Լեհաստանում ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Իսկ մարզադաշտերում յուրահատուկ մտնոլորտ էր:
- Ի՞նչ աշխատանք է կատարել Լեհաստանում հայ մարզիչների պատվիրակությունը:
- Յուրաքանչյուր հանդիպում դիտելուց հետո հաջորդ օրը հատուկ վերլուծական ծրագրով, որը տրամադրվել էր ՀՖՖ-ի կողմից, իրականացվում էր խաղերի վերլուծություն, որը տևում էր մոտ երեքից չորս ժամ: Բացի այդ, ամեն օր մարզիչներից մեկը հանգամանորեն ներկայացնում էր իր կարծիքը խաղերի վերաբերյալ:
- Այսօր արդեն ի՞նչ կարող եք ասել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական խմբի մեր մրցակիցների մասին:
- Քանի որ մեր ապագա մրցակիցներից երեքը մասնակցում էին Եվրոպայի առաջնությանը, դա արդեն խոսում է նրանց ուժի մասին, և նրանց մասնակցությունը «Եվրո-2012»-ին պատահական լինել չէր կարող: Ամենալավ տպավորությունն ինձ վրա թողել է Իտալիան: Ես, իհարկե, գիտեի որ Իտալիայի ազգային հավաքականը շատ կազմակերպված և տակտիկապես հագեցած թիմ է, բայց հիմա, տեսնելով ընդհանուր պատկերը, վերլուծելով նրանց խաղը, դրանում ավելի համոզվեցի: Իտալիայի ազգային հավաքականն աշխարհի այն եզակի թիմերից է, որը կարողանում է խաղալ՝ ապահովելով իր համար անհրաժեշտ հաշիվը: Չեխիայի ազգային հավաքականը նույնպես լավ տպավորություն թողեց: Այս մրցաշարը նրանց համար մեծ փորձ էր, քանի որ դա երիտասարդ թիմ է: Լավ տպավորություն թողեց հատկապես հարձակման գծում և եզրերում: Զգացվում էր, որ շատ բան իրենց խաղում կախված էր առաջատարից՝ Ռոսիցկուց, որովհետև երևում էր, որ այն խաղում, որին նա չէր մասնակցում, թիմի խաղն այն չէր: Ինչ վերաբերում է Դանիայի հավաքականին, ապա այդ թիմն ընդգծված առաջատար չուներ, սակայն հավասար թիմ էր, լավ էին խաղում, թիմային բարձր արագությամբ: Այնպես որ, մեր մրցակիցները լավ թիմեր են: Լավ էր, որ հնարավորություն եղավ դիտել այդ թիմերի խաղերը: Մենք արդեն ունենք մեր հակառակորդների ամբողջական պատկերը այս պահի դրությամբ: Չգիտեմ` հետո ինչ կլինի, ինչ փոփոխություններ կլինեն նրանց թիմերում կամ մարզչական կազմերում, սակայն նրանց ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահի դրությամբ ճիշտ պատկերացում ունենք: