ՕԵԿ շարքերը գնալով նոսրանում են, գրասենյակները` փակվում
«Չորրորդ ինքնիշխանության» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում ՕԵԿ շարքերը գնալով նոսրանում են. մի շարք մարզերում, հատկապես Արագածոտնում, Արմավիրում ու Տավուշում, ուր դեռևս ՕԵԿ գրասենյակները հիշեցնող տարածքներ կան, կամ դրանք չեն աշխատում, կամ էլ հազարից մեկ կուսակցության դռները բացվում են այս կամ այն կուսակցի ծննդյան տարեդարձը նշելու նպատակով: Ավելին` անգամ լուրեր են պտտվում այն մասին, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, վերոնշյալ մարզերում մի շարք ՕԵԿ-ականներ, որոնք կանգնած են եղել կուսակցության ձևավորման ակունքներում, մտադիր են դուրս գալ կուսակցությունից: Որոշ ՕԵԿ-ականներ էլ մտադիր են համալրել ՀՀԿ շարքերը, քանի որ այս օրերին ՀՀԿ-ական քաղաքապետացուներից բավականին «ծանրակշիռ» առաջարկներ են ստանում:
ՕԵԿ-ի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից. «Այդպիսի բան չկա, և չի էլ կարող լինել: Դուք գնացեք տեսեք, թե մարզերում ՕԵԿ-ը ինչ ակտիվություն է ցուցաբերում: Մենք պատրաստվում ենք ՏԻՄ ընտրությունների, մենք ո՞նց կարող ենք մարզերում դադարեցնել մեր գործունեությունը»: Դիտարկմանը, թե` խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն անձամբ էր հրահանգել փակել մարզային գրասենյակները, քանի որ դժգոհել էր մարզայինների աշխատանքից, վերջինս պատասխանել է. «Առհասարակ, ով լավ չի աշխատում, պարոն Բաղդասարյանը նրանց նկատմամբ արժանի վերաբերմունք է ցուցաբերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները