Կ. Սարիբեկյան. Ադրբեջանի նախագահը պարծենկոտ տղա է հիշեցնում
«Ադրբեջանի նախագահն իրեն պարծենկոտ տղայի պես է պահում, իսկ ինչպես հայտնի է նման մարդկանց խոսքը երբեք գործի չի վերածվում: Ուղղակի ծիծաղելի է, երբ Ադրբեջանը փորձում է «խցկվել» ուժեղ բանակ ունեցող երկրների շարքում»,- Panorama.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, թե Ադրբեջանի բանակն աշխարհի ամենաուժեղ բանակներից է, ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքերով, բանակի հզորությունը ծախսված գումարներով կամ նավթ ունենալու փաստով չէ, որ պայմանավորված է, ուժեղ է այն բանակը, որը լուծում է իր առջև դրված խնդիրները:
«Իսկ ի՞նչ խնդիր է լուծում ադրբեջանական բանակը: Դիվերսիաներ իրականացնելով կամ սահմանին մարդ սպանելով ուժեղ բանակ չեն կառուցում: Փողեր «ուտելով», զինվորներին սոված պահելով բանակ չեն սարքում: Ինչի մասին է խոսքը:
Մենք էլ ամեն օր կարող են հայտարարել, որ մեր բանակը աշխարհի հզորագույն բանակն է, բայց մենք դրա փոխարեն գլուխներս կախ աշխատում ենք, որ ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցենք մեր բանակի հզորությունը»,- ավելացրեց նա: