Ն.Մարտիրոսյան. Լրատվական դաշտը հարկավոր է իսկապես պրոֆեսիոնալներով համալրել
Երևանի պետական համալսարանի «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետն արդեն 170 դիմորդ ունի, ինչը դեկան Նաղաշ Մարտիրոսյանը բավականին բարձր ցուցանիշ է համարում. «Նախևառաջ ժուռնալիստի մասնագիտությունն այսօր շատ պահանջված է մեզանում: Բացի այդ, մենք գալիս ենք նրան, որ լրատվական դաշտը հարկավոր է իսկապես պրոֆեսիոնալներով համալրել. այդ խնդիրն իսկապես արդիական է: Նաև այս հետաքրքրությունը, ըստ իս, բացատրվում է այն կրթական բարեփոխումներով, որ վերջին տարիներին իրականացվում են լրատվաշուկային ու լրատվական դաշտին համահունչ»,- Panorama.am-ին ներկայացրեց դեկան Մարտիրոսյանը:
Ըստ նրա, վերջին տարիներին «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետում դասավանդում են տեսաբաններն ու հայաստանյան լրատվական դաշտում գործող հայտնի լրագրողները, ովքեր գալիս են իրենց փորձն ու իմացությունը փոխանցելու դաշտ մտնող ապագա ժուռնալիստին: «Ես կարծում եմ, որ դիմորդների այսպիսի թիվը հնարավորություն կտա ընդունող հանձնաժողովին ընտրելու լավագույններին և եթե այս դիմորդներից միայն 65-ը պետք է ընդունվեն ԵՊՀ-ի տվյալ ֆակուլտետ, ապա վստահ եմ, որ կընտրվեն լավագույնները»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը:
Մեր հարցադրմանն ի պատասխան, թե արդյո՞ք «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետը այսպես ասած հասցնում է ժամանակակից տենդենցների հետևից ու դրան համապատասխան որոշակի փոփոխություններ կատարում կրթական ծրագրում, ֆակուլտետի դեկանն ընդգծեց, որ այդ փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Որպես ապացույց ` անցած ուսումնական տարվանից այլընտրանքային մեդիադասընթացը դարձել է ուսումնական ծրագրի անբաժանելի մասը, կյանքի է կոչվել «Հաղորդակցություն, մեդիահասարակություն» մագիստրոսային ծրագիրը և այլն. «Այս բոլորն ասում են այն մասին, որ մենք ժամանակից հետ մնալու իրավունք չունենք և մենք ուղղակի պարտավոր ենք ժամանակին համահունչ քայլենք ու մի քիչ էլ առաջ անցնենք, որովհետև այսօր տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների այս նախընթաց հաղթարշավը բերում է նոր մարտահրավերներ ժուռնալիստիկայի և ժուռնալիստի մասնագիտության համար: Իսկ դրանց դիմակայել է պետք, ինչը հնարավոր է միայն մեկ դեպքում` եթե դու քայլում ես ժամանակի հետ համաքայլ»:
Այնպես որ, շարունակեց մեր զրուցակիցը, թեև ասում են, որ կրթությունը պահպանողական ոլորտին է դասվում, բայց մեդիակրթության ոլորտի պահպանողական լինելը ունակ է բերել ավերածությունների:
Նաղաշ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 65 տեղից 5-ը լինելու են անվճար, սակայն Երևանի պետական համալսարանն ունի նաև կանոնակարգված զեղչային համակարգ. «Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գրեթե բոլոր դիմորդները դիմում են անվճար տեղերի համար, ապա հասկանալի է, որ մեզ բավականին լուրջ ու թեժ մրցույթ է սպասվում… Բայց 65 տեղն այն սահմանն է, որ հնարավորություն է տալիս այդ 170 դիմորդներից ընտրել լավագույններին»,- հավելեց իր խոսքը «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետի դեկանը:
Նշվեց նաև, որ հետաքրքիր աշխուժություն է նկատվում նաև մագիստրատուրայի դիմորդների շրջանում, ընդ որում հետաքրքիրն այն է, որ այստեղ դիմում են Հայաստանի այլ բուհերի, այդ թվում և Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտից` «Ժուրռնալիստիկա» մագիստրոսական ծրագիրն ուսանելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են