Բրյուսելում ԵԺԿ առաջնորդները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել
Առաջիկա օրերին Բրյուսելում կգումարվի Եվրոպայի Խորհրդի նիստ՝ ԵՄ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողով: Այն խոստանում է լինել չափազաց հետաքրքիր ու առանցքային: Ինչպես վերջին շրջանի բոլոր հանդիպումներում, այս անգամ ևս ԵՄ առաջնորդները հավաքվելու են ու քննարկեն, թե ինչպես դուրս գան տնտեսական, այն է՝ պարքային ճգնաժամից:
Իրավիճակն այսօրվա դրությամբ չափազանց հստակ է. խնդիրներ ունեցող երկրները՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա (փորձագետների գնահատականներով վերջին ընտրություններից հետո սոցիալիստական դարձած Ֆրանսիան շատ քիչ ժամանակ անց կհամալրի պարտքային բեռի տակ կքած երկրների շարքը) և այլն, ցանկանում են իրենց ազգային խնդիրները պատվիրակել վերազգային ինստիտուտներին:
Առաջարկվում է մասնավորապես եվրոպական միասնական պարտատոմսերի թողարկում: Իսկ ահա պոտենցիալ դոնորները՝ գլխավորապես Գերմանիան, դեմ են նման մոտեցմանը՝ հասկանալով, որ այդկերպ ստիպված են իրենց ուսերին վերցնել այլոց ունեցած ֆինանսական պարտավորությունները: Բոլոր դեպքերում մասնագետներն առաջիկա հավաքում ակնկալում են թեժ քննարկումներ, որոնց ելքը հայտնի չէ. մի կողմից երկրների մի մասը գտնվում է ծայրաստիճան վտանգավոր իրավիճակում, իսկ մյուս կողմում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հաստատակամությունն է: «Քանի դեռ ես կենդանի եմ, միասնական եվրոպական պարտատոմսեր չեն լինելու»,- նախօրեին հայտարարել է Գերմանիայի կանցլերն ու, ըստ լրատվամիջոցների, ստացել գերմանացի պատգամավորների ու հասարակության օրհնությունը՝ «Աստված Ձեզ երկար կյանք պարգևի»:
ԵՄ խորհրդի նիստից առաջ Բրյուսելում կկայանա մեկ այլ հավաք՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթաժողովը: ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու են ԵՄ և ԵՄ անդամ երկրների մեծ մասի ղեկավարները: Թեև պաշտոնական հաղորդագրությամբ ընդամենը տեղեկացվել է, որ գագաթաժողովը նախորդում է ԵՄ խորհրդի նիստին և որևէ մանրամասն չի ներկայացվել օրակարգի վերաբերյալ, ամեն դեպքում ըստ նախնական տեղեկությունների, Անգելա Մերկելը (ում ղեկավարած Քրիստոնե-դեմոկրատական կուսակցությունը նույնպես ԵԺԿ անդամ է) կփորձի գաղափարական համախոհներին՝ եվրոպական պահպանողականներին, բացատրել իր մոտեցումներն ու ԵՄ խորհրդից առաջ ստանալ նրանց աջակցությունը՝ առավելապես սոցիալիստական հայացքներ ունեցող ընդդիմախոսներին (որոնց ըստ էության գլխավորում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը) դիմակայելու համար:
Կհաջողվի, թե ոչ, պարզ կդառնա արդեն մի քանի ժամ անց: Բրյուսելում արդեն իսկ մեկնարկում է ԵԺԿ գագաթաժողովը, որին ի թիվս ԵՄ անդամ երկրների մի շարք ղեկավարների ու նաև ընդդիմությունների առաջնորդների, մասնակցում են նաև մնացած Եվրոպայի ներկայացուցիչները: Նրանց թվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Վրաստանի նրա գործընկեր Միխեիլ Սաակաշվիլին, բոսնիացի նախագահ Բակիր Իզետբեկովիչը, ինչպես նաև Ալբանիայի, Մակեդոնիայի ու Մոլդովայի վարչապետները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա