Հայերենը՝ որպես արևելյան առաջին լեզու. Լոմոնոսովի անվան համալսարանում շնորհանդես էր
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում տեղի է ունեցել հանդիպում-շնորհանդես՝ նվիրված 2012/13 ուստարվա համար հաստատված հայոց լեզվի՝ որպես արևելյան առաջին լեզվի, հայոց պատմության ու մշակույթի ուսումնասիրմանն ուղղված կրթական ծրագրին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Մ.Մեյերը, Մոսկվայի համայնքային կառույցների ու հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր խոսքում նշել է, որ Մոսկվայի պետական համալսարանում հայոց լեզվի ուսուցանումը ունի բացառիկ կարևորություն: Ընդգծելով, որ լեզվի ուսումնասիրությունն ազգերի միջև շփումների ապահովման կարևորագույն միջոցն է, ՌԴ-ում ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հաստատված կրթական ծրագիրը կծառայի ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը և երկու երկրների հասարակությունների առավել մերձեցմանը: Օլեգ Եսայանը հավելել է նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը պատրաստակամ է համակողմանի աջակցություն տրամադրել Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտին՝ ծրագրի իրականացման ընթացքում:
Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Մ.Մեյերի խոսքով, հայոց լեզվի ուսումնասիրությունը բուհում առաջնահերթ խնդիր է՝ ելնելով հայոց պատմության և հայկական մշակույթի հարուստ ժառանգության ուսումնասիրության անհրաժեշտությունից:
Ըստ պրն. Մեյերի՝ կրթական ուղղության հաստատման նպատակներից մեկն էլ հանդիսանում է ռուսաստանյան հասարակության շրջանում Հայաստանի և երկրի պատմության ու մշակույթի մասին գիտելիքների տարածման ապահովումը: Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենը վստահություն է հայտնել, որ այսօր անհրաժեշտ է պատրաստել ռուսաստանցի մասնագետներ, որոնք կտիրապետեն աշխարհիկ հայերենին ու գրաբարին և կզբաղվեն հայագիտությամբ:
Ծրագրի շնրոհանդես-հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, Լոմոնոսովի անվ. Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ, գիտության և մշակույթի հայտնի ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են