Վ. Բալասանյան. Նախընտրական շտաբերի պետերի մակարդակով հանդիպումներ եղել են
Արդեն 8 օր է նախընտրական Արցախում թեկնածուները քարոզարշավ են իրականացնում: Հուլիսի 19-ին արցախցիները նախագահ են ընտրելու: Երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար պայքարում են չորս թեկնածուներ` պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, թոշակառու Վալերի Խաչատրյանը, ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: Նրանք բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:
Panorama.am-ը զրուցել է թեկնածուներից Վիտալի Բալասանյանի հետ.
-Պարոն Բալասանյան, արդեն մի քանի օր է` մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Ինչպե՞ս եք կազմակերպում Ձեր ընտրարշավը:
-Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախատեսել ենք լինել Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում և հանդիպումներ ունենալ ընտրողների հետ: Հայտնի են հեռուստաեթերի և ռադիոեթերի ժամերն ու հերթականությունը և մենք մտադիր ենք օգտագործել այս հնարավորությունը ևս: Ֆեյսբուքյան իմ էջում և vitalybalasanyan.com կայքում մշտապես կլինեն թարմացումներ, հանդիպումների մասին հաղորդումներ, լուսանկարներ, այլ նյութեր:
-Նախընտրական ծրագիրը կազմելիս ո՞ր խնդիրների վրա եք ուշադրություն դարձրել: Ո՞րն է Արցախի զարգացման Ձեր տեսլականը:
-Մեր ծրագրում մեծ նշանակություն է տրված արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանն ու անվտանգությանը, երկրի համաչափ զարգացմանը, Արցախում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի հաստատմանը: Ծրագիրը կազմելիս հաշվի ենք առել մի շարք հետազոտություններ, ինչպես օրինակ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետազոտությունն Արցախի գյուղատնտեսության շուրջ, ինչպես նաև ներառել ենք «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի առաջարկները: Ծրագիրն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:
-Մինչ քարոզարշավի մեկնարկը Դուք նամակ էիք հղել գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանին, մատնացույց անելով օրենքի խախտումները, որևէ արձագանք ստացե՞լ եք Բակո Սահակյանից:
-Նախընտրական շտաբերի պետերի մակարդակով հանդիպումներ եղել են, որտեղ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում օրենքի խախտումների հետ կապված:
-Նույն նամակում նաև նշել եք. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես և իմ թիմակիցները չենք հանդուրժելու նման զարգացումները և օրենքի սահմաններում կանխարգելիչ քայլեր ենք ձեռնարկելու»: Ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել:
-Քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են: Դրանց մասին ժամանակ առ ժամանակ կտեղեկացնենք լրատվամիջոցներով:
Նախորդող հրապարակում`
Արցախի ԿԸՀ նախագահ. Վստահ եմ, որ ընտրությունները կլինեն ազատ և արդար