Փաշինյանի դիմումի քննությունը ՍԴ-ն կվերսկսի հուլիսի 3-ին
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, մայիսի 6-ին մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված նախկին թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը Սահմանադրական դատարանը կվերսկսի հուլիսի 3-ին, առավոտյան ժամը 10-ին: Հիշեցնենք` Փաշինյանը ՍԴ-ից պահանջում էր անվավեր համարել մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով թիվ 7 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Այդ ընտրատարածքում պատգամավոր էր ընտրվել Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո):
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանը կասեցրել էր գործի քննությունը: Գործի քննությունը կասեցնելու մասին որոշման մեջ ՍԴ-ն այն հիմնավորել է, նրանով, որ այդ գործի շրջանակներում պետական իրավասու մարմիններից նյութեր և տեղեկատվություն պետք է ստանալ ու ուսումնասիրել:
Մասնավորապես, Գլխավոր դատախազությանը պահանջ է ներկայացվում Փաշինյանի դիմումի մեջ հիշատակված մի քանի փաստերի հետ կապված տրամադրել տեղեկություններ` ինչ միջոցներ են ձեռնարկվել և ինչ արդյունքներ կան գրանցված: Պահանջվում է Վարչական դատարանից ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացնել մայիսի 6-ին ԱԺ ընտրությունների հետ կապված հայցադիմումների հիման վրա հարուցված ընտրական գործերով կայացված դատական ակտերը:
Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ՍԴ-ն պահանջել էր գրավոր բացատրություն ներկայացնել դիմող Փաշինյանի մի քանի նկատառումների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում