ՀԱԿ-ը տեղեկացնում է և վախեցնում
2012 թվականի հունիսի 26-ին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում տեղ գտած անդրադարձը Ղարաբաղյան հիմնահարցին լրացուցիչ պարզաբանման և մեկնաբանման կարիք ունի՝ ներկա իրավիճակն ու դրա գնահատականները ոչ թե միակողմանի, այլ բազմակողմանի ընկալելու համար:
Նախ, Լևոն Տեր-Պետրոսյանը մեջբերեց 2009-2012 թվականների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հայտարարությունները, որոնցում կարելի էր նկատել շեշտադրման հետևայլ փոփոխությունը. « ... մենք հորդորում ենք վերացնել իրենց /հակամարտության կողմերի – Մ.Դ./ միջև մնացած չնչին տարաձայնությունները և ավարտին հասցնել նրանց համաձայնությունը Հիմնարար սկզբունքների շուրջ, ... Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն Հիմնարար սկզբունքների վրա տարվող աշխատանքը, ...Մենք խստորեն հորդորում ենք կողմերի առաջնորդներին՝ իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, և ոչ թե պատերազմի, կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել Հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելու համար, ... Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն արել, ... Որպես իրենց քաղաքական կամքի վերահաստատում նրանք պետք է ձեռնպահ մնան բանակցություններում մաքսիմալիստական դիրքորոշումից, պահպանեն 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափեն լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից»:
Վերջին՝ չորրորդ հայտարարությունն, ըստ Լևոն-Տեր Պետրոսյանի, էապես տարբերվում է նախորդ երեքից, ճիշտ չի ընկալվել Հայաստանի քաղաքական շրջանակների, վերլուծաբանների, լրագրողների կողմից և նախորդների համեմատ շատ ավել կոշտ է: Այս կապակցությամբ, սակայն, պետք է նկատել, որ ինչպես առաջին երեք, այնպես էլ չորրորդ հայտարարությունն իրականում զուտ հայտարարություն է, որը չի ենթադրում որևէ կոնկրետ գործողություն: Պատճառն այն է, որ քաղաքական ցանկացած նախագիծ, ինչպիսին նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է, անխուսափելիորեն ենթադրում է քաղաքական կամք, ռեսուրսներ և հնարավորություն՝ վերջին երկուսը կիրառելու հարցում: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներից Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա իրական ազդեցության լծակներ այսօր ունի առավելապես Ռուսաստան ղեկավարությունը:
Քանի որ հակամարտությունն այն տարածաշրջանում է, որը գտնվում է ՌԴ աշխարհաքաղաքական շահերի դաշտում, ապա անխուսափելի է Ռուսաստանի քաղաքական վերնախավի ուղղակի ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի վրա, ինչի պարագայում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունները ձեռք են բերում պարզապես դեկլարատիվ բնույթ և հեռու են պատճառ լինելու ինչ-ինչ հետևանքների: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում շրջանցեց ՌԴ գործոնը՝ ուշադրություն հրավիրելով ԱՄՆ պաշտպանության և պետքարտուղարության համակարգերի երբեմնի բարձրաստիճան աշխատակից Ուեյն Մերիի ս.թ.մայիսի 14-ին հրապարակած հոդվածի վրա:
Վերջինիս բովանդակությունը համատոտ կերպով հանգում է նրան, որ Մինսկի խումբն այս ընթացքում ապացուցել է իր անարդյունավետությունը, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը արտաքին ուժերից պահանջում է բարձր մակարդակի քաղաքական գործողություն՝ երկու փոքրիկ պետությունների թույլ չտալու վտանգել տարածաշրջանային և միջազգային շահերը, և որ ժամանակն է, որ արտաքին ուժերը սպասարկեն իրենց սեփական շահերը և միջնորդությունից այն կողմ անցնեն: Թվարկված երեք հայտարարություններն էլ առաջին հայացքից որոշակի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի համար, սակայն միայն առաջին հայացքից: Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում չմանրամասնեց, թե ի՞նչ միջազգային շահերի մասին է խոսքը և արդյո՞ք չեն կարող համընկնել արտաքին ուժերի և հակամարտության կողմերի հետաքրքրությունները տարածաշրջանում: Չմանրամասնեց, քաջատեղյակ լինելով, որ նույն Ուեյն Մերին 2009 թվականի իր «Ղարաբաղ. պատերազմն անխուսափելի՞ է» հոդվածում հստակ ցույց է տվել, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում ավելի շատ բան կկորցնի Ադրբեջանը, իսկ 2012 թվականին տրված հարցազրույցներից մեկում նշել է, որ Բաքվի և Երևանի վրա ուղղակի ազդելու իրական լծակներ ունի միայն Ռուսաստանը:
Փաստորեն, Ուեյն Մերիի այդ հայտարարությունը, որ հակամարտության լուծման մոդելը բանակցայինից պետք է դառնա պարտադրողական, նշանակում է, առնվազն, հետևյալը. նախ, ամերիկյան փորձագետն ուզում է կարգավորման գործընթացում ավելի մեծ դերակատարում տեսնել կամ վերագրել ԱՄՆ-ին, այն դեպքում, երբ Վաշինգտոնը գոնե Հայաստանում վերջին տասնամյակում գրեթե չի մեծացրել իր ներկայության և ազդեցության չափը, երկրորդ՝ ամերիկյան փորձագետը պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալ կանխատեսումների մակարդակում արվող հայտարարությունների ֆոնի վրա ցանկանում է արտաքին ուժերի կողմից ներկայացվող կարգավորման մոդելը դարձնել հակամարտության կողմերի համար միակ հնարավորն ու ցանկալին: Բնականաբար, այդ ամենը միայն ցանկություն է, որն իրականություն դառնալու համար պահանջում է որոշակի ռեսուրսներ, որոնք այսօր նույնքան անորոշ են, որքան «արտաքին ուժերը և դրանց շահերը տարածաշրջանում»:
Ամեն դեպքում, բաց է մնում նաև այն հարցը, թե արդյո՞ք դրսից պարտադրվող այդ մոդելը որևէ կերպ չի համապատասխանում, օրինակ, Հայաստանի շահերին և այն ինչպե՞ս պետք է ընդունվի՝ միջազգային իրավական՝ որոշ մեկնաբանություններում իրար հակասող նորմերի պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա