Դ.Դումանյանը դատապարտում է իր կոլեգաների նկատմամբ իրականացված ցանկացած բռնություն՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը(տեսանյութ)
««Հարսնաքար» ռեստորանում բուժաշխատողի օրվա կապակցությամբ բժիշկները քեֆ չեն արել»: Այս մասին խոսակցություններն այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և հավելեց. «Քեֆ չի եղել, և եթե քեֆ չի եղել, ինչո՞ւ պիտի բարկանայի: Ես չգիտեմ` ինչո՞ւ են շահարկում այդ հարցը»,- ասաց նախարարը:
Դ.Դումանյանը նշեց, որ իրականում չպետք է այդ երևույթը կապել տեղի՝ օբյեկտի հետ. «Նույն ծեծկռտուքը կարող էր տեղի ունենալ այլ հաստատություններում: Ես ընդամենը դատապարտում եմ, որ որևէ մեկին բռնի ուժով փորձում են ինչ-որ բան բացատրել»:
Հարցին, թե ինչո՞ւ «Հարսնաքարում« տեղի ունեցած դեպքից հետո նախարարը դատապարտող հայտարարությամբ հանդես չեկավ, արդյոք դա պայմանավորված էր նրանով, որ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն էին ծեծել ռազմական բժիշկներին, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Ոչ, պատճառը դա չէր: Պատճառն այն էր, որ հայտարարությունները միայն մամուլով չեն արվում, արվում են տարբեր տեղերում: Ես ընդհանրապես գտնում եմ, որ և լրագրողներին, և բժիշկներին, և մյուս մարդկանց չի կարելի նեղացնել իրենց պարտականությունները կատարելիս և կատարելուց դուրս: Ենթադրենք այստեղ բժիշկ չլիներ, մի սովորական քաղաքացի լիներ և նման վնասնվածքներ ստանար:
Ի՞նչ է, մենք չպե՞տք է դրան արձագանքեինք, մենք չպե՞տք է նրան վերաբերվեինք որպես հասարակության անդամ: Ես դատապարտում եմ այդ երևույթը միանշանակ, և հատկապես, որ դա իմ կոլեգաների նկատմամբ է տեղի ունեցել»,- ընդգծեց Դ.Դումանյանը՝ հավելելով, որ դատապարտում է իր կոլեգաների նկատմամբ իրականացրած ցանկացած բռնություն՝ անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը: «Իմ պաշտոնավարման ընթացքում ուշադիր հետևելու եմ այս հարցերին, քանի որ իմ կոլեգաները շատերի նման անպաշտպան են: Բժիշկներ, ովքեր գիշեր-ցերեկ աշխատում են, ովքեր իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար և հանկարծ նման պատմությունների մեջ են ընկնում»,- նշեց առողջապահության նախարարը:
Նրա խոսքերով՝ նախարարությունը բժիշկի, բուժաշխատողի իրավունքների պաշտպանությանը պետք է հատուկ ուշադրություն դարձնի:
Հարցին, թե ըստ իրեն, ինչի հետևանք է, որ թիկնապահներն իրենց շատ ավելի օլիգարխ են զգում, քան հենց օլիգարխը, Դ.Դումանյանը հույս հայտնեց, որ այդ խնդիրը կկանոնակարգվի, քանի որ կա այդ հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականը:
Դ.Դումանյանը տեղեկացրեց նաև, որ կիրակի ինքն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող ռազմական բժիշկ Վահե Ավետյանին, այնուհետև հանդիպել է նրա մայրիկի հետ: «Բժիշկները ինձ զեկուցել են բուժման ընթացքը, կարծես թե ամեն ինչ կատարյալ իրականացվում է: Ես խնդրելու եմ, եթե որևէ բանի կարիք ունենան, անպայման դիմեն, որպեսզի մենք կարողանանք մեր օգնությունը ցուցաբերել: Ամեն դեպքում մեր ամենօրյա հսկողության ներքո է»,-ասաց առողջապահության նախարարը: