Հայաստանը պաշտոնապես ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը
2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովին ընդառաջ այսօր պաշտոնապես Հայաստանին է հանձնվել Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարությունը: Պաշտոնական արարողությանը մասնակցել են ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա-Հերցեգովինայի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ:
ԿԳՆ մամուլի վարչության հաղորդմամբ, հանդիպման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի անունից ողջունել է նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը:
Տիկին Հարությունյանը նշել է, որ Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը մեր երկրի համար կարևոր և պատվաբեր, բայց միաժամանակ պատասխանատու և աննախադեպ գործընթաց է, քանի որ նախկինում Հայաստանը երբևէ չի ստանձնել նման գործառույթ: Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Բոլոնիայի քարտուղարությունը եվրոպական 47 երկրի ուղարկել էր հայտ` նախարարական գագաթաժողով և քաղաքացիական ֆորում ացկացնելու նպատակով: Հայաստանը, կշռադատելով իր հնարավորությունները, ֆինանսական, մարդկային ռեսուրսները և պատասխանատվության ողջ բեռը, ներկայացրել էր համապատասխան հայտ` նախարարական գագաթաժողովի, ինչպես նաև Բոլոնիայի քարտուղարության և հետամուտ խմբի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:
Կ. Հարությունյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն անում է հնարավորը` նշված գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Ըստ այդմ` արդեն ձևավորվել է Հայաստանի քարտուղարությունը, որի կազմում, ըստ նախարարի տեղակալի, հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած ավելի քան 100 հավակնորդից ընտրվել են լավագույնները: Արդեն գործում է քարտուղարության գրասենյակը, որը համալրվել է համապատասխան գույքով և սարքավորումներով: Առաջին աշխատանքային հանդիպումն է կայացել Ռումինիայի և Հայաստանի քարտուղարության թիմերի միջև, որի ընթացքում ակնկալվում է, որ ռումինական կողմը, որը, ըստ Կ. Հարությունյանի, շատ բարձր մակարդակով է անցկացրել նախարարական գագաթաժողովը և Հայաստանն էլ իր հերթին պետք է փորձի պահպանել սահմանված բարձր նշաձողը, կփոխանցի իր կուտակած փորձը:
«Շատերն են հարցնում` ինչ կտա Հայաստանին նման գագաթաժողովի անցկացումն ու քարտուղարության ստանձնումը: Իհարկե, հիմնական ձեռքբերումները տեսանելի կլինեն միայն 2015 թվականին: Բայց այս պահին արդեն կարող ենք փաստել, որ առաջին` այս գործընթացը շփումների նոր հարթակ է Հայաստանի համար, երկրորդ` համագործակցության նոր մակարդակ եվրոպական 47 երկրի, ինչպես նաև Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Ուսանողական միության, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի և նմանատիպ կառույցների հետ: Իհարկե, Հայաստանի կրթության ոլորտի համար նշված գործընթացը կլինի նաև մեծ փորձառություն. այն նաև մեծ խթան կհանդիսանա հայաստանյան բարձրագույն համակարգի բարեփոխումների համար»,-ամփոփելով իր ողջույնի խոսքը` նշել է Կ. Հարությունյանը` ներկայացնելով նաև «ՀՀ-ի բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումները Բոլոնիայի գործընթացի համատեքստում» իր ելույթը:
Հանդիպման ընթացքում ներկաներին ողջունել են նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթային և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա-Հերցեգովինայի ներկայացուցիչները: Ելույթներով և համապատասխան փորձի փոխանակմամբ է հանդես եկել Բոլոնիայի քարտուղարությունը հանձնող ռումինական կողմը` ի դեմս տիկին Լիգիա Դեկայի:
Հանդիպման ավարտին տեղի են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության՝ որպես ԲԳՀԽ համանախագահի և հայկական ԲԳՀԽ քարտուղարության պարտավորությունների, ինչպես նաև ԲԳՀԽ 2012-2015թթ. աշխատանքային ծրագրի վերաբերյալ քննարկումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան