Ի՞նչ է լինելու այն դատավորների հետ, որոնց պատճառով ՀՀ-ն պարտվել է Եվրադատարանում. Պատասխանում է նախարարը
«Ոչինչ չի լինում կամ ամեն ինչ լինում է»,-այսպես արձագանքեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հարցին, թե ինչ է լինելու այն դատավորների հետ, որոնց կայացրած վճիռները բողոքարկվել են Եվրադատարանում ու օգուտ հայցվորի ու ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացվել:
Նշենք, որ այսօր մինչ կառավարության հերթական նիստի մեկնարկը նախարար Թովմասյանը մասնակցում էր Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստին:
Նախարարը լրագրողների հնչեցրած հարցի մասին այն կարծիքին է, որ հասարակությունը ցանկանում է մեղավորներ գտնել ու նրանց պատժել: Իսկ այստեղ կարևորն այն է, արդյոք դատավորը թույլ է տվել ակնհայտ ու կոպիտ խախտում, թե՞ ոչ:
«Որոշ դեպքերում, երբ մենք այսօր պարտվում ենք, 2003-2006 թ. գործեր են, որոնք նոր են հասել: Մեծ մասի պատճառը ոչ թե դատավորի սխալն է, այլ մեր օրենսդրությունն է հակասել եվրոպական չափորոշիչներին, իսկ մեր դատավորները մեծապես առաջնորդվել են ներպետական օրենսդրությամբ և դրա հիման վրա են որոշումներ կայացրել: Կան տեղեր էլ, երբ Եվրոպական կոնվենցիայի չափորոշիչներն ու դրանց մեկնաբանություններն են փոխվել այս ժամանակահատվածում, ավելի են խստացվել կամ ընդգրկուն դարձել»,-ասաց նախարարը:
Ոլորտի պատասխանատուն ավելացրեց, որ այժմ ուսումնասիրվում է, թե կոնկրետ դատավորը ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: «Բոլոր այն դեպքերում, երբ պարզ կդառնա, որ դատավորը թույլ է տվել կոպիտ և ակնհայտ խախտում, ապա դա վերջինիս համար կարգապահական պատասխանատվության հիմք է, դրանից հետո մենք կարող ենք խոսել ռեգրեսի մասին, այսինքն պետության կողմից տվյալ անձին ռեգրեսիվ հայտ ներկայացնելու մասին: Քանի դեռ սա չկա, դատավորի անկախության երաշխիքներից մեկն այն է, որ նման դեպքում դատավորը պատասխանատվության չենթարկվի»,-բացատրեց Թովմասյանը, ընդգծելով, որ ճիշտ չէ պատասխանատվության ենթարկել այն դատավորներին, որոնց կայացրած որոշումները բեկանվում են:
«Այդ դեպքում մենք ընդհանրապես դատավոր չենք ունենա, որովհետև դուք Հայաստանում չեք գտնի մի դատավոր, որի ակտը երբևէ չի բեկանվել: Այս առումով հիմքում դրվում է ակնհայտ ու կոպիտ խախտում պարունակելը»,-նշեց նախարարը, ավելացնելով, որ օրենսդրության մեջ պետք է հստակեցվի «ակնհայտ ու կոպիտ խախատում» հասկացությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ` հունիսի 5-ին ՄԻԵԴ կայացրած որոշմամբ, Հայաստանում խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածը և ցմահ դատապարտյալ Արարատ Մուրադխանյանը 2004 թվականից 2007 թվականը անօրինական կերպով է կալանքի տակ պահվել: Ըստ նույն որոշման, որը հրապարակվել է ՄԻԵԴ կայքէջում, Հայաստանի կառավարությունը պարտավորվելու է ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանին որպես փոխհատուցում վճարել 6000 եվրո:
Եվս երկու վճռի մասին հայտնի դարձավ օրերս: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի երկու քաղաքացիների գործերով երկու վճիռ է կայացրել, նրանցից մեկը ազատամարտիկ Վարդան Մալխասյանն է: Հիշեցնենք` նա 2006-ի դեկտեմբերին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` «Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու հրապարակային կոչեր անելու համար» առաջադրված մեղադրանքով ձերբակալվել էր և այնուհետև դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Եվրոպական դատարանը գտել է, որ Մալխասյանի պարագայում տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 5-րդ հոդվածի (Ազատության իրավունք) խախտում և վճռել է որպես Մալխասյանին բարոյական փոխհատուցում Հայաստանի կառավարությունից գանձել 4,5 հազար եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին