«ՖԱՐՍ». Թուրքական ԶԼՄ-ներն Իրանի ԱԳ նախարարի ձերբակալության մասին կեղծ տեղեկատվություն են տարածել
Թուրքական ԶԼՄ-ներն Իրանի ԱԳ նախարարի ձերբակալության մասին կեղծ տեղեկատվություն են տարածել:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Կիպրոս կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին ուղեկցած «ՖԱՐՍ» լրատվական գործակալության լրագրողները նշել են, որ Իրանի արտգործնախարարը Նիկոսիայում ջերմ ընդունելության է արժանացել և վերջինիս ձերբակալության մասին թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը կեղծ է:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի և Կիպրոսի միջև առկա տարաձայնությունների ենթատեքտում՝ թուրքական ԶԼՄ-ների նպատակն է եղել ստվեր գցել Իրանի ԱԳ նախարարի՝ Կիպրոս կատարած այցի վրա:
Իրանական «թաբնաք.իռ» կայքի հաղորդմամբ՝ թուրքական «թըդեյ զաման» օրաթերթում թողարկված տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ԱԳ նախարարին Նիկոսիայի միջազգային օդանավակայան մուտք գործելու պահին ձերբակալել, իսկ այնուհետև Կիպրոսի ԱԳ նախարարի միջնորդությամբ ազատ է արձակվել:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Իրանի ԱԳ նախարարն իբր ձերբակալվել է Եվրամիության «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկված լինելու համար: