ՎիվաՍել-ՄՏՍ-ը խրախուսել է էսսե մրցույթի հաղթողներին
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում հայտարարված էսսե մրցույթի երեք հաղթողներն արժանացել են պլանշետային HTC համակարգչի, Blackberry 9700 և Galaxy Nexus S սմարտֆոնների: Խրախուսական պարգևներ են ստացել նաև տարբեր բուհեր ներկայացնող ևս 8 ուսանող:
Ընկերության հաղորդմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է մայիսին հայտարարած մրցույթի արդյունքները: Էսսեների միջոցով տեղեկատվական դարաշրջանի դերը գնահատելու համար նախապես առաջարկվել են հատուկ մշակված թեմաներ:
Ո՞րն է համացանցի դերը հասարակության կյանքում: Ինչպիսի՞ն կարող է լինել բջջային ինտերնետի ազդեցությունը կրթության ոլորտում և առօրյա կյանքում: Ո՞րն է դրա զարգացման հաջորդ փուլը: Կարո՞ղ է, արդյոք, սոցիալական մեդիան փոխել կյանքը: Ներկայացված թեմաների շրջանակներում մրցույթին մասնակցելու հնարավորություն է տրվել բոլոր նրանց, ովքեր հավատարիմ եմ մնացել նախապես հայտարարված կանոններին:
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի էլեկտրոնային կայքին հղված բոլոր աշխատանքները գնահատվել են անանուն ստուգման սկզբունքով: Առանձնահատուկ կարևորվել է հետազոտությունների ընթացքում առցանց տեղեկատվական աղբյուրների կիրառումը:
«Հաջողության հասնելու առաջին քայլն սկսվում է ձգտման պատրաստակամությունից: Կարևոր է նաև տեղեկացված լինելու պայմանը: Համացանցը և թվային ապագա ենթադրող տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը: Դրանցից արդյունավետ օգտվելու ընտրությունը Ձերն է: Փորձեք կիրառել համակարգված մոտեցում և գնահատել սովորելու համար առկա միջավայրը: Նորարար տեխնոլոգիաները տալիս են ժամանակի անհարկի կորուստը կրճատելու և առավելագույն արդյունավետությամբ մասնագիտանալու հնարավորություն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Էսսե մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած ուսանողներից մեկը`Էլեոնորա Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող է: Հաջորդ երկուսը` Արման Սերեդան և Եկատերինա Մարտիրոսյանը, Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանողներ են: Նրանց համապատասխանաբար տրվել է պլանշետային HTC համակարգիչ, Blackberry 9700 և Galaxy Nexus S սմարտֆոններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին