Ա.Արզումանյան. Օսկանյանն իմ թիմակիցը երբեք չի եղել
«Նախագահական ընտրություններին ընդդիմությունը պարտավորված է լինելու հանդես գալ միասնական թեկնածուով, բայց ժամանակը ցույց կտա, թե դա որքանով է հավանական», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ բանախոսի,ներկայումս ընդդիմադիր դաշտում ավելի շատ անջատման միտումներ են նկատվում, քան միավորման, ինչը նկատելի է դառնում ՀԱԿ-ի դեպքում: «Հայ ազգային կոնգրեսը կորուստներ է կրում, և դրանք կարող են շարունակվել», - գտնում է բանախոսը:
Խոսելով ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի` որպես ընդդիմության միասնական թեկնածու դառնալու համանականության մասին, Ա.Արզումանյանն ասաց, որ անձամբ դեմ չէ, որ վերջինս առաջադրվի: Նա նաև շեշտեց, որ անձամբ չի նկատել, որ իր վերջին ելույթում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ակնարկի, թե միասնական թեկնածուն հենց Օսկանյանն է լինելու:
«Ես նաել եմ ելույթը youtube, կարդացել եմ այն, բայց որևէ նման ակնարկ ես չեմ տեսել», - շեշտեց նա:
Միաժամանակ հայտնեց, որ հակված է աջակցել Րաֆֆի Հովհաննիսյանին ` վերջինիս նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում, քան Վարդան Օսկանյանին: «Օսկանյանն իմ թիմակիցը երբեք չի եղել», - ընդգծեց քաղաքական գործիչը:
Պատգամավորը նաև շեշտեց, որ ընդդիմադիր խմբակցությունների և ԲՀԿ-ի կողմից կառավարության ծրագրին միասնաբար դեմ քվեարկելը դեռ ոչինչ չի նշանակում: Նրա խոսքով` դեռ շատ շուտ է խոսել ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցության մասին:
«Ժամանակը ցույց կտա՝ կհամագործակցե՞ն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, թե՞ ոչ: Շատ շուտով ամեն ինչ պարզ կլինի՝ ով ում ջրաղացին է ջուր լցնում, ով ում է քննադատում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը և հավելեց, որ այս իմաստով ԲՀԿ-ի փորձաքարը կամ լակմուսի թուղթը կդառնան հետագա քվեարկությունները. «Այն ժամանակ պարզ կլինի, թե ինչքանով է ԲՀԿ–ի խոսքը գործ»:
Անդրադառնալով ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ում քննվող քրեական գործին` պատգամավորը կարծիք հայտնեց, որ երբ խոսքը նախկին արտգործնախարարի մասին է, ապագա նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուի մասին, այս առումով դժվար է չտեսնել քաղաքական ենթատեքստ:
«Ինձ համար մի քիչ տարակուսելի է, որ ԲՀԿ-ն չի հայտարարում, որ ամբողջությամբ կանգնած է Վարդան Օսկանյանի թիկունքին, այլ ընդամենը ասում է, որ կհրավիրվեն միջազգային փորձագետներ: Սակայն սա էլ ԲՀԿ-ի ներքին գործն է», - ասաց Ա.Արզումանյանը: