Քեթրին Էշթոնի գրասենյակից հաստատել են` ընտրությունները լավագույնն էին
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար և Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի գրասենյակից վերահաստատել են այն գնահատականը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ գլխավոր հանձակատարը տվել էր մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
Ըստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության «Քեթրին Էշթոնը նշել է, որ կարևոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեև կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում»:
Հայաստանյան մամուլում այս գնահատականի առնչությամբ թերահավատություն էր առաջ եկել` Քեթրին Էշթոնի գրասենյակից հաղորդագրության տարածումից հետո: Այնտեղ մասնավորապես նշված էր. «Նա (Քեթրին Էշթոնը) ողջունեց վերջին խորհրդարանական ընտրություններն ավելի թափանցիկ ու մրցակցային միջավայրում անցկացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ջանքերը, սակայն ընդգծեց մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք արձանագրվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության զեկույցում, որպեսզի 2013 թվականին նախատեսված նախագահական ընտրությունները լիովին համապատասխանեն միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին»:
Այս առնչությամբ Tert.am-ը հարցում է ուղարկել ԵՄ գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Հարցմանն ի պատասխան, Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակ Մայա Կոչիջանչիչը պարզաբանել է. «Հարգելի, գործընկեր, ես չեմ տեսել Հայաստանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած հաղորդագրությունը և, հետևաբար, մանրամասն մեկնաբանել չեմ կարող: Բայց մի բան հստակ է, ոչ մի անհամաձայնություն չկա հետևյալ մտքի հետ. «Այս ընտրություններն ավելի լավն էին անկախությունից ի վեր եղածներից: Բայց, իհարկե, շատ աշխատանք կա անելու, ինչպես ընդգծված էր ԵԱՀԿ-ի՝ անցյալ շաբաթվա զեկույցում»»:
Հիշեցնենք, որ ԵԺԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով հունիսի 27-28-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Բելգիա: Բրյուսելում, բացի ԵԺԿ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելուց, ՀՀ նախագահը նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել: