«Հարսնաքար»-ի դեպքի հետ կապված Սեյրան Օհանյանը նոր բան չասաց
«Մենք արդեն պաշտոնական մեկնաբանություն արել ենք»,-այսօր Եռաբլուրում` հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի «Հարսնաքար»-ի հետ կապված վերջին զարգացումները:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունն հանդես էր եկել հայտարարությամբ. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին և վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսևորումների նկատմամբ»:
Հունիսի 21-ին նախարար Օհանյանն անձամբ այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ ու տեսակցել տուժած զինվորական բժիշկներին: Նա հոսպիտալում հանդիպել է նաև միջադեպի հետևանքով տուժած բժիշկների հարազատներին, վստահեցրել է, որ իրավապահ մարմինները հաստատակամ են հարուցված քրեական գործի շրջանակներում բոլոր մեղավորներին բացահայտելու և նրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար:
«Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում