
Պիրլո. «Չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերածով»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով ճանաչվել է «Եվրո-2012»-ի Գերմանիա-Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, խոսել է կիսաեզրափակչում տոնած հաղթանակի մասին: Այս մասին գրում է «Football Italia»-ն:
«Ես միշտ աշխատում եմ հավաքականիս համար ներդնել ողջ կարողություններս: Աշխարհի առաջնության մրցաշարից հետո որոշակի խնդիրներ կային, որոնք խանգարեցին մեզ հաջողությունների հասնել, բայց հիմա մենք դուրս ենք եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ և ցանկանում ենք հաղթել: Չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերածով: Դա նույնն է, ինչ Հռոմ հասնելն ու Հռոմի պապին չտեսնելը: Մենք եզրափակչում ենք, և մեզ հաղթանակ է հարկավոր: Մենք պետք է հանդես գանք այն նույն վճռականությամբ և կամքի ուժով, ինչպես դա արեցինք գերմանացիների և անգլիացիների հետ խաղերում: Պատրաստվում ենք մեծ եզրափակչին»,- ասել է Պիրլոն: