Ինչպե՞ս են կոնսոլիդացիայի մասին խոսում, երբ իրենց մոտ ապակոնսոլիդացիոն երևույթներ են. Ռուբեն Հակոբյանը` ՀԱԿ-ի մասին
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի համար տարօրինակ է` ինչպես են Հայ Ազգային կոնգրեսում խոսում «կոնսոլիդացիայի» մասին, երբ նույն կառույցում այսօր «ապակոնսոլիդացիոն պրոցեսներ» են ընթանում:
«ՀԱԿ-ից կամաց-կամաց կուսակցություններ, գործիչներ են դուրս գալիս, մինչդեռ կոնսոլիդացիան ենթադրում է եղածը զարգացնել, ավելացնել: Գուցե ինչ-որ գաղտնիք կա, երբ ուժերի դուրս գալուց կոնսոլիդացիան ավելի է առարկայանում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությունը, նկատեց Ռուբեն Հակոբյանը:
Հիշեցնենք` Զուրաբյանը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում պետք է «կոնսոլիդացնող պոտենցիալ ունեցող թեկնածու» լինի, որը հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Ես այլ հավասար թեկնածու չեմ տեսնում, որը կարողանա կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը», -նշել էր նա:
«Եթե ընդդիմադիր ուժը խոսում է կոնսոլիդացիայի մասին, ապա պետք է իր բառապաշարից բացառի իրենց «միակ», «անփոխարինելի» բառերը: Եթե այս տոնով է խոսում, նշանակում է, որ այդ կոնսոլիդացիայի մասին խոսք լինել չի կարող», նկատեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Ռուբեն Հակոբյանը ևս կարծում է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտը պետք է համախմբվի և ունենա մեկ թեկնածու: Սակայն, այժմ, ըստ նրա, իրավիճակն այլ է, ինչը հիմք չի տալիս Հակոբյանին ասել, որ ընդդիմադիր դաշտը կհամախմբվի մեկ միավորման մեջ: «Ընդդիմության միասնական թեկնածուն շատ ավելի զորեղ կարող է լինել, քան անջատ-անջատ, բայց ցավոք սրտի, այսօրվա պատկերը մի քիչ այլ բան է ասում: Այս պահին ցավոք ընդդիմության ներսում տարանջատման պրոցեսներ են ընթանում, քան համախմբման: Բայց սեպտեմբերին շատ ավելի հստակ կլինի քաղաքական դաշտը` կհստակեցվի ով է ընդդիմություն, ով` ոչ» , -նկատեց ընդդիմադիր գործիչը:
Սեպտեմբերին, նրա խոսքով, հստակ կլինի նաև այն, թե ի վերջո որ դաշտում է գործում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Այս պահին «Բարգավաճ Հայաստան»-ին ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում: Նույնիսկ իրենք չեն խոստովանում, որ ընդդիմություն են», -նկատեց նա:
Նշենք, որ այսօր ընդդիմադիր դաշտի միավորման մասին խոսելիս Լևոն Զուրաբյանն ասել էր, որ ընդդիմադիր բոլոր ուժերի, այդ թվում նաև ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը հնարավոր է: «Այն ընդդիմադիր ուժերը, որոնք համախմբվում են Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, կարող են համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Շատ հավանական եմ համարում, որ այդ միասնական թեկնածուն լինի Լևոն Տեր-Պետրոսյանը», -նկատել էր Զուրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները