«Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանը մահացել է
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից panorama.am-ին հաստատեցին մոտ ժամ առաջ սոցցանցերում և տեղեկատվական կայքերում շրջանառվող լուրը, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը ժամը 18:30-ի սահմաներում մահացել է:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին:
Միջադեպի առնչությամբ ՀՀ Պաշտպանության նախարարությունն հանդես էր եկել հայտարարությամբ. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ ոտնձգության դրսևորումը, անկախ նրանից` տուժողը շարքային քաղաքացի է, զինված ուժերի ժամկետային զինծառայող կամ սպա: Պաշտպանության նախարարությունը հետևում է միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և վստահ է, որ միջադեպի մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում տուժածներին, նրանց հարազատներին և վստահեցնում է, որ անտարբեր չէ մեր հասարակությունում առկա սանձարձակ դրսևորումների նկատմամբ»:
Հունիսի 21-ին նախարար Օհանյանն անձամբ այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալ ու տեսակցել տուժած զինվորական բժիշկներին: Նա հոսպիտալում հանդիպել է նաև միջադեպի հետևանքով տուժած բժիշկների հարազատներին, վստահեցրել է, որ իրավապահ մարմինները հաստատակամ են հարուցված քրեական գործի շրջանակներում բոլոր մեղավորներին բացահայտելու և նրանց օրենքի ողջ խստությամբ պատժելու համար:
«Հարսնաքար»-ի աղմկահարույց գործով կալանավորվածները 6-ն են՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Խաչատրյանը, Արման Բաղդասարյանը, մատուցող Դավիթ Ադամյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան