Գայանե Մանուկյան. «Պետական միասնական քննությունների ողջ ընթացքը գնահատում եմ դրական»
«Քննությունների ողջ ընթացքը գնահատում եմ դրական և այդ դրական գնահատականը տրամաբանության մեջ է»,- Panorama.am-ի թղթակցին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը` ամփոփելով պետական միասնական քննության առաջին փուլը:
Նրա խոսքերով՝ ԳԹԿ-ն ամեն տարի քննություններից հետո անցկացնում է խորհրդակցություն, որին մասնակցում են քննական գործընթացին առընչվող անձինք, կրթության ոլորտի պատասխանատուներ: Այդ խորհրդակցությունների արդյունքում գտնվում են քննական կարգը կատարելագործելու մեխանիզմներ, որոնց հիման վրա էլ քննակարգում կատարվում են փոփոխություններ: «Իհարկե, այդ քննարկումներին հաշվի են առնվում նաև դիմորդների խնդրանքները, որ մինչ այդ ԳԹԿ-ն ստացել է: Ահա այդպիսի խնդրանքները հաշվի առնելով՝ այս տարի քննակարգում կատարվեց փոփոխություն. դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հիմնական մրցույթից հետո կարող են դիմել թափուր մնացած տեղերի համար»,- ասաց Գ.Մանուկյանը:
Բացի այդ, ինչպես նշեց ԳԹԿ մամուլի պատասխանատուն, նախքան քննության մեկնարկը «կանխատեսելի քննություններ» բանաձևումը տրվեց: Մասնավորապես, երկու մեծ առարկաների «Հայոց լեզու և հայ գրականության» ու «Մաթեմատիկայի» քննական թեստերի 80 առաջադրանքները կազմվեցին նախապես հրապարակված շտեմարանների 5000 առաջադրանքներից:
Հարցին, թե այս տարվա քննությունները նախորդներից ինչո՞վ են տարբերվում, Գ.Մանուկյանը նշեց, որ դեռ չեն վերլուծել ողջ գործընթացը, այդուհանդերձ, ըստ նրա, այս քննաշրջանն առանձնացավ նախորդներից (անցյալ տարին չհաշված) նրանով, որ բողոքարկման գործընթացը չկայացավ: Նրա խոսքերով՝ գրանցվել են միայն եզակի բողոքարկումներ, ինչը նաև այս քննական համարգին բնորոշ է: «Գրեթե բոլոր երկրներում, ուր այս համակարգով անցկացվում է քննություններ, «բողոքարկման փուլ» որպես այդպիսին գոյություն չունի: Ինչպես գիտեք, քննասենյակում, երբ բացվում են թեստերի ծրարները, ԳԹԿ-ում նույնպես զուգահեռաբար բացվում են, և հրավիրված մասնագետների խումբը նույնպես աշխատում է քննական թեստի վրա: Վերջինները, երբ հայտնաբերում են վրիպակով առաջադրանքներ, այդ մասին տեղեկացնում են ԳԹԿ տնօրինությանը, երբ վերանայվում են այդպիսի առաջադրանքները, անկախ նրանից դիմորդը բողոքարկել է, թե ոչ, այդ տարբերակը լուծած բոլոր դիմորդների միավորները վերանայվում են»,- ասաց Գ.Մանուկյանը՝ հավելելով, որ օրինակ՝ անցյալ տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից հետո բողոքարկում չի եղել, սակայն թեստի մի առաջադրանք վերանայվեց և անկախ այն հանգամանքից, որ բողոքարկում չէր եղել, բոլոր դիմորդների միավորները վերանայվեցին:
ԳԹԿ մամուլի պատասխանատուի խոսքերով՝ թեև քննական գործընթացը անաղմուկ անցավ, սակայն ինչպես ամեն տարի, այս տարի ևս նույն մարդիկ փորձեցին աղմուկ բարձրացնել: «ԳԹԿ ղեկավարությունը այդ աղմուկները որակեց որպես արհեստածին. անցյալ և այս տարվա քննաշրջանը եկավ փաստելու այդ ձևակերպման ճշմարտացիությունը: ԳԹԿ-ն աշխատում է համագործակցային եղանակով՝ լինի դա շտեմարանների կազմում, թե ուղեցույցերի կամ քննական գործընթաց, մենք դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց միասին աշխատելու, կազմելու ուղեցույցեր կամ շտեմարաններ: Համագործակցության առաջարկ այսօր էլ ենք անում, քանի որ գիտեք այս աշխատանքները շարունակական են, և մենք ընդունում ենք ցանկացած առողջ քննադատություն և առաջարկ»,- նշեց Գ.Մանուկյանը:
Անդրադառնալով այս տարի հնչած «քննադատությանը», նա նշեց, որ ԳԹԿ-ն միանձնյա չի կազմել շտեմարանները։ ՀՀ կառավարությունից շտեմարաններ կազմելու հանձնարարական ստանալուց հետո դիմել են բոլոր դպրոցներին, կրթության վարչություններին, բուհերի համապատասխան ամբիոններին՝ ներկայացուցչական կազմ ապահովելու համար։
Համագործակցության առաջարկ արվել է բազմաթիվ հայտնի ուսուցիչների և դասախոսների։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շտեմարանների երեք հատորները լույս ընծայվելուց հետո ԳԹԿ-ն բազմիցս խնդրանքով դիմել է նաև բոլոր շահագրգիռ մասնագետներին՝ եթե նկատել են վրիպակներ շտեմարանների առաջադրանքներում, դիմեն իրենց, որպեսզի 4-րդ հատորում նշվեն վրիպակները, և հետագայում խուսափեն այդ առաջադրանքները թեստերում ներգրավելուց։
«Բողոքարկման պատկերը ցույց տվեց, որ թեստերում վրիպակներով առաջադրանքներ չէին ընդգրկվել: Հավելեմ, որ շտեմարանները 5000 առաջադրանքով չեն սահմանափակվելու, և տարեցտարի թարմացվելու են. մենք սպասում ենք շահագրգիռ մասնագետների արձագանքին ու նրանց հետ համագործակցությանը։ Իսկ մնացած հնչած «մեղադրանքների» մասով թույլ տվեք նկատել, որ յուրաքանչյուր մարդ իր խոսքերի համար պատասխանատու է: Եթե որևէ մեկը հայտարարում է ինչ-որ «անօրինության» մասին, գիտի նման դեպք ու ունի տվյալներ, պետք է դիմի համապատասխան կառույցների։ Առանց փաստերի խոսակցությունները զրպարտության երանգ են կրում: Մենք բազմիցս հայտարարել ենք թափանցիկ աշխատանքի, քննությունների արդար անցկացման մասին և չենք ցանկանա՝ ինչ-որ մեկը ստվերի մեր աշխատանքը»,- նշեց Գ.Մանուկյանը:
Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ ԳԹԿ-ն պայմանագիր է կնքում թեստեր կազմող աշխատանքային խմբի և մասնագետների հետ, որով վերջիններս պարտավորվում են գաղտնի պահել թեստի բովանդակությունը, այլապես պատասխանատվության կենթարկվեն։ ԳԹԿ-ն էլ իր հերթին գաղտնի է պահում թեստ գրողների անունները։ Գ.Մանուկյանի խոքերով՝ եթե խախտվել է այդ պայմանավորվածությունը, և ինչ-որ մեկը հայտարարում է, որ ունի փաստեր, անպայման պետք է այդ ամենը ներկայացնի համապատասխան մարմիններին, քանի որ «ամեն մարդ ինչպես իր արարքների, այնպես էլ իր խոսքերի համար պատասխանատվություն է կրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են