Կ. Քոչարյան. Արցախում պաշտոնյաները զբոսնում են առանց թիկնապահների
«Ես ընդհանրապես չեմ կարող հասկանալ այդ «ախռանա» հասկացությունը: Ժողովրդի ընտրյալներն ումի՞ց են վախենում, ինչի՞ց են վախենում: Եթե ժողովուրդն է ընտրել նրանց, ինչո՞ւ են վախենում»,- անդրադառնալով Հայաստանում էթիկայի խնդիրներին, Panorama.am-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Բանախոսը հասկանալի է համարում այն, որ կան թիկնապահներ, որոնք օրենքով հատկացվում են ասենք` Հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին: «Սակայն, երբ զանգվածաբար ամեն մեկն իր հետևից յոթ հատ մեքենա է պահում, դա անհասկանալի է»,- հավելեց նա:
Նա համեմատություն անցկացրեց Հայաստանի ու Արցախի միջև, ասելով. «Արցախում պաշտոնյաները երեկոյան դուրս են գալիս հրապարակ` զբոսնելու առանց որևէ թիկնապահի: Այդ մարդիկ չեն վախենում իրենց ժողովրդից»:
Խոսելով Հայաստանում էթիկայի խնդիրների մասին, բանախոսը նշեց. «Մեր մոտ ընդհանրապես էթիկայի հարց չի դրված: Եթե ժամանակին երեխաներին սովորեցնում էին տարրական էթիկայի նորմեր, այսօր ոչ մեկին դա պետք չէ: Կարծում եմ, այդ խնդրին պետական մոտեցում է պետք»:
Կ. Քոչարյանի համոզմամբ` պետք է յուրաքանչյուր դպրոցում էթիկայի կանոններ սովորեցնեն` թեկուզ առանձին առարկայի ձևով: