Կարեն Անդրեասյանին կաշկանդում է պաշտոնը, և նա անուղղակիորեն կոչ է անում բոյկոտել «Հարսնաքարը»
Քաղաքակիրթ հասարակություններում ծանր հանցանքների համար բացի իրավական պատասխանատվությունից, կա նաև հանրային պատասխանատվություն: Այսօր ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի «Հարսնաքարի» դեպքին նախորդած համատարած անպատժելիության մասին դիտարկմանը հայտարարեց Կարեն Անդրեասյանը:
Նա ասաց, որ ի պաշտոնե ազատ չէ խոսել հստակ և տալ գնահատականներ, հետևաբար օրինակ բերեց. «Ես կարող եմ մի օրինակ բերել` ամերիկյան հասարակությունում, երբ իմանում են, որ «ԳԵՓ» ընկերությունը աշխատեցնում է մանկահասակներին, հասարակությունը հրաժարվում է օգտվել այդ ընկերության ծառայություններից: Հիմա երբ մենք հասարակության մեջ կգանք մի եզրահանգման, որ կա բարոյական և հասարակական պատասխանատվության այլ միջոցների կարիք, ես կարծում եմ մենք կունենանք այդ քաղաքացիական ակտիվ հասարակությունը, որ բացի իրավականից, կսահմանի նաև հանրային վերաբերմունք տարբեր երևույթների նկատմամբ»:
Ավելին, ըստ Պաշտպանի, եթե ինքը չլիներ այդ պաշտոնում, ապա այդ ամենի ակտիվ նախաձեռնողներից մեկը կլիներ:
«Այսօր ես դրա իրավունքը չունեմ և, կարծում եմ` իմ խոսքերի արանքում հասկանալի է դառնում այն մոտեցումը, որը ես խորհուրդ եմ տալիս և առաջարկում եմ: Սակայն որպես պաշտոնյա, ես կարող եմ միայն ասել, որ կա քննություն, որին ես խառնվելու իրավունք չունեմ: Սպասենք արդյունքների ն և տեսնենք` ով է պատժվում», -հավելեց Կարեն Անդրեասյանը:
Հիշեցնենք` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել ՊՆ զինծառայողներ: Նրանցից ՊՆ բուժծառայության մայոր, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը 13 օր կոմայի մեջ մնալուց հետո հունիսի 29-ին մահացավ: Այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վեց անձ ձերբակալվել է: