«Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետը հրաժարվել է փաստաբանի ծառայություններից
Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրը պայթեցնելու փորձ կատարած Հայաստանի Պաշտպանության նախարարության Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը հրաժարվում է փաստաբանի ծառայություններից: Այդ մասին մասին Panorama.am–ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։ Նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվելյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել էին ՊՆ քննչական ծառայություն։ Մերի Սարգսյանի փոխանցմամբ, չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.–ի 235–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։
Փոխգնդապետը հարցաքննվել է և ձերբակալվել նշված հոդվածի հատկանիշներով հանցանք կատարելու կասկածանքով և տեղափոխվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարան։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վարդան Սամվելյանը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ , փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Վարդան Սամվելյանը ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ է: Նրա հայրը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակից, ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։
Նախորդիվ`
Զինված քաղաքացին փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը
«Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի վերաբերյալ նյութերով կզբաղվի ՊՆ քննչական ծառայությունը
«Հարսնաքար»–ը պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան