Կ. Աճեմյան. Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի
«Ընտրական գործընթացները յուրաքանչյուր երկրի համար քննություն են, սակայն Արցախում մինչ այս տեղի ունեցած ընտրությունները ցույց են տվել, որ այստեղ այդ ընտրությունները մշտապես հաջողությամբ են պսակվում: ԼՂՀ-ում ամեն ընտրություններից հետո ժողովրդավարության մակարդակը ընդգծված քայլերով առաջ է գնում և նախադրյալները, որոնք այսօր են ստեղծված, թույլ են տալիս ասել, որ այնտեղ կայանալիք հերթական նախագահական ընտրությունները ևս կընթանան ցանկալի՝ ազատ, արդար և մրցակցային ճանապարհ»,- Panorama.am-ի հարցին, թե Արցախի միջազգային ճանաչման համատեքստում, ինչպե՞ս կգնահատեք ԼՂՀ-ում ընթացող ընտրական գործընթացները, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, որքան էլ Ադրբեջանը սպառնալիքներ հնչեցնի, տարբեր ամբիոններից հայտարարի, թե անթույլատրելի է Արցախում ընտրությունների անցկացումը, մեկ է՝ Արցախի համար օրինակելի ընտրությունների անցկացում շատ կարևոր է և՛ երկրի պետականության ամրապնդման, և՛ թե նրա միջազգային ճանաչման տեսանկյունից:
«Ժողովրդավարությունն Արցախում այլընտրանք չունի և այդ երկրի իշխանությունների ընտրությունների բնականոն անցկացման հարցում մեծ կամք ու ջանքեր են գործադրում: Ադրբեջանն ինքը գիտակցում է, որ իր երկրում և Արցախում անցկացվող ընտրություններն իրենց մակարդակով անհամեմատելի են և դա է այն պատճառներից մեկը, որ նրանք այդքան շուտ են հունից դուրս գալիս»,- ասաց Կ. Աճեմյանը:
Ըստ պատգամավորի՝ շատ կարևոր է նաև այն փաստը, որ Արցախում տեղի ունեցող ընտրություններին նաև միջազգային դիտորդներ են մասնակցում, ովքեր ևս տեսնում ու ֆիքսում այն ամենն ու օրինակելին, ինչը նկատելի է Արցախում: