Ռ. Բաբայան. Մեր ստեղծած արժեքային համակարգի դրոշին բռնություն է գրված
Մենք ինքերս ենք ստեղծել և ապրում ենք այն արժեքային համակարգում, որի դրոշին գրված է բռնություն: Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ ներկայումս հասարակության համար գրեթե յուրաքանչյուր խնդիր լուծման միակ միջոցը դարձել է բռնությունը:
«Այս հանցագործության կատարողները այս արժեքների կրողներ էին: Սադիզմը մտած է նրանց արյան մեջ: Նրանցից ոչ մեկը, լինի թիկնապահ, թե մատուցող, չի համապատասխանում իր մասնագիտության պահանջներին: Մատուցող չի կարող հարցեր լուծելու համար հաճախորդին դուրս կանչել, թիկնապահը չի կարող անպաշտպան թողնել այն անձին, ում պետք է պատպանի և էլի գնա հարցեր լուծի: Սա առաջին դեպքը չէ, որ նման երևույթներ են տեղի ունենում, պարզապես պետք է երևույթներն իրենց անուններով կոչել: Սա ընդամենը բանդա է, որն ունի իր պարագլուխը: Մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է այս ամենի համար: Բռնությունն արդարացված է միայն ռազմի դաշտում, երբ պաշտպանում ես հայրենիքդ»,- նշեց Ռուբեն Բաբայանը:
Իր հերթին, ասուլիսին ներկա երգչուհի Լիլիթ Պիպոյանն նշեց, որ այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ ներկայումս օրենքը հասարակության կենսագործունեության մեջ որևէ արժեք չունի: «Օրենքը պետք է վերաբերի բոլորին: Մարդիկ այսօր իրենց հարցերը լուծում են իրենց «ուժով», իսկ այս դեպքը տեղի է ունեցել այն տարածքում, որը որոշ անձինք իրենց կալվածքն են համարում, գործում են իրենց «օրենքներով» և միանգամից «самасуд» են իրականացնում»,- նշեց Լիլիթ Պիպոյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով, այս ամբողջ իրողության գլխավոր շարժառիթը հասարակության անտարբերությունն է: «Եթե «դողացող» հասարակություն ունենանք, եթե հայը հայի համար մտահոգվի, նման երևույթներ չեն լինի: Մենք պետք է մեր գործը սկսենք մանկապարտեզից: Մենք մեկս մյուսի հանդեպ օտարացել ենք: Այս ամենը հասարակության համար վտանգավոր է: Երբ մեր զինվորը մահանում է տվյալ վայրում, սակայն հաջորդ օրը նույն վայրում հարսանիք են անում, դա նշանակում է, որ մենք անդունդի հատակին ենք»,- նշեց Սամվել Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները