Ինչո՞ւ է կաթվածահար եղել 81 համարի երթուղայինի աշխատանքը. Ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել
«Այսօր առավոտյան 20 րոպեից ավելի 81 համարի երթուղայինի եմ սպասել: Ուրիշ ժամանակ մի քանի մեքենա էր կանգնած լինում: Վերջապես մեկը եկավ: Վերջնագծում մի րոպե էլ չկանգնեց ու գնաց: Դրա պատճառով քննությունից ուշացել եմ»,-Panorama.am-ին իր դժգոհությունը հայտնեց Ավան վարչական բնակիչներից 40-ամյա Գոհարը:
Տղամարդ բնակիչներից մեկն էլ տեղեկացրեց, որ արդեն չորս օր է` 81 համարի երթուղայինը «ահավոր վատ է աշխատում»: Վարորդներից մեկին, նրա պատմելով, այնքան են ծեծել, որ հիվանդանոց է ընկել: Ավանցուն հասած տեղեկություններով, մի քանի օր առաջ 81 համարի երթուղային գծի մեքենաներից մեկը թեթև հարվածել է Ռուբեն Հայրապետյանի մարդկանցից մեկի մեքենային: Դա էլ այսօր ստեղծված իրավիճակի պատճառ է դարձել:
Միջադեպին այսօր մանրամասն անդրադարձել էր «Ժողովուրդ» օրաթերթը: Վարորդները թերթին պատմել են, որ ուրբաթ օրը 81 համարի երթուղայինի մի վարորդ, որի անունը Սմբատ է ու ապրում է Ավան վարչական շրջանում (բայց թե կոնկրետ որ թաղամասում, չեն նշել), հայտնվել է այսպիսի իրավիճակում. «Տրոլեյբուսը կանգնած ա լինում, մեր շոֆերներից մեկն ուզեցել ա դրա հետևից մտնի, Հայրապետյանի թիկնապահի մեքենաներից մեկը էս կողմից էկել ա, ու էս մեր շոֆերն ուզեցել ա մեքենան փախցնի` տրոլեյբուսին չխփելու համար, դուրս ա էկել էդ մեքենայի դիմացը, սրանք էլ իջել են, Սմբատին ծեծել են, թե դու ով ես, որ մեքենա քշես մեր վրեն»: Ըստ թերթի, Հայրապետյանի թիկնապահի մեքենան եղել է 20 ՏՕ 888 համարանիշով «Տոյոտա» ջիփ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, թե ծանոթացել է հրապարակմանը, սակայն որևէ բողոք քաղաքապետարանը չի ստացել երթուղին սպասարկող մեքենաների աշխատանքից: «Մենք որևէ բան 81-ի դեմ չունենք: Բողոքներ մենք չունենք»,-ասաց Ա. Գևորգյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում էլ կարդացել են թերթի հրապարակումը: «Ուսումնասիրվում են հրապարակման մեջ նշված հանգամանքները: Արդյունքների մասին կիրազեկենք»,-փոխանցեցին ոստիկանությունից:
Իսկ ահա Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը Panorama.am-ին վստահեցրեց, թե 81 համարի երթուղային տաքսին բնականոն աշխատում է: «Հրապարակման հիման վրա անմիջապես նյութեր են նախապատրաստվել: Նոր նորքի ոստիկանության բաժնին կարգադրություն է արվել` ուսումնասիրել ներկայացված փաստերն ու հանգամանքները: Օրվա ընթացքում հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Այս պահին միայն կարող եմ նշել, որ ստուգել ենք, ճշտել նաև Երևանի քաղաքապետարանի հետ` թիվ 81 երթուղայինի գիծը բնականոն աշխատել է և այսօր էլ աշխատում է»,- հայտնեց Ներսիկ Նազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները