Վրաստանի նորանշանակ վարչապետը` Սաակաշվիլիի իրավահաջորդ
Վրաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:
Ըստ փորձագետի` «Վրաստանի նախագահի կողմից անցած շաբաթ օրը վարչապետի պաշտոնում Վանո Մերաբիշվիլիի նշանակումն ակնհայտ է, որ անմիջականորեն կապված է ս.թ. հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Սակայն այդ նշանակումն, իհարկե, ամբողջությամբ չի արտացոլում Սաակաշվիլիի այն հիմնավորումն, ըստ որի` «նախքան խորհրդարանական ընտրությունները ժողովուրդը պետք է իրազեկված լինի, թե ինչ ուղիով է ընթանում կառավարությունը և ինչ ծրագրեր է այն իրականացնելու ընտրություններից հետո` 4 տարվա ընթացքում», և իրականում Վ.Մերաբիշվիլիին վարչապետի պաշտոնին առաջադելն այլ հարց է լուծում, այն է` պահել իշխանությունն իշխող «Ազգային շարժում» կուսակցության ձեռքում և նախապատրաստվել 2013 թ կայանալիք նախագահական ընտրություններին:
Եվ հենց Մերաբիշվիլիի` Ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատելու որոշումը պայմանավորված էր 2013թ.-ին Վրաստանի նախագահի պաշտոնին նրան որպես թեկնածուի նախապատրաստելու համար: Բանն այն է, որ 2007 թ. նոյեմբերին, և ապա 2011թ. մայիսին ընդդիմության կազմակերպած բողոքի հանրահավաքները ցրելու հետևանքով եղան վիրավորներ ու զոհեր, և այդ ակցիաները ցրելու պարտականությունը վերապահված էր հենց Մերաբիշվիլիին: Հետևաբար, գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ և հետընտրական զարգացումներում հնարավոր ուժային գործողություններից վերոնշյալ պաշտոնյային զերծ պահելն ու մինչ ընտրությունները վարչապետի պաշտոնում ակնկալելի սոցիալ-տնտեսական ոլորտի որոշակի առաջընթացն արձանագրելն, ըստ էության, նպատակ ունի Մերաբիշվիլիի կերպարը ներկայացնել` որպես Վրաստանի նախագահի արժանի թեկնածուի:
Ա.Էրոյանցը նաև նշեց, որ 44 ամյա Վանո Մերաբիշվիլին, ով 2004թ.-ից ղեկավարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Մ.Սաակաշվիլիի մերձավոր թիմակիցն է և մեծ հեղինակություն է վայելում երկրում, նրա հետ են կապվում իրավական համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված լուրջ հաջողությունները: Ուստի ընտրութոյւններից առաջ նման քաղաքական գործչի` վարչապետի պաշտոնում նշանակելը կարևոր քայլ էր և այն մեծապես ուղղված էր օրեցօր ուժեղացող և ժողովրդական համակրանքի արժանացած վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած ընդդիմությանը հակահարված տալուն:
Այնուամենայնիվ Փորձագետը հույս հայտնեց, որ նորանշանակ վարչապետն ավելի աչալուրջ կլինի կառավարության առջև դրված խնդիրների լուծման հարցում և կկարողանա նպաստել երկրում կենսամակարդակի բարձրացմանը: Ըստ Էրոյանցի`
«այդ հանգամանքը շատ կարևոր է նաև մեզ` հայերիս համար, քանի որ Վրաստանի մեծաթիվ հայ համայնքի, մասնավորապես ջավախահայության խնդիրներն օրեցօր խորանում են և պահանջում հրատապ լուծումներ: Այդ իմաստով, Վանո Մերաբիշվիլին, ով կազմակերպչի և գյուղատնտեսության ոլորտի մեծ փորձ ունի,
հետագա գործունեության ընթացքում պիտք է որ իր նպաստն ունենա հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվող ջավախքցիների կյանքի որոշ խնդիրների լուծման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա