Փաշինյանը կարող է անգործության մատնվել, կարող է ոչինչ չանել, բայց նա տեղակալ է. Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը
«Կարծում եմ, որ օրենքը ամբողջովին չի ընթերցվել և դրա համար էլ մեր գործընկերոջ մոտ նման թյուր կարծիք է կազմվել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նկատեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, Փաշինյանն իր կամքից անկախ արդեն իսկ ստանձնել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությամբ: «Դա ինքնուրույն ակցիա չէ: Դու կարող ես հրաժարական ներկայացնել, բայց չես կարող ասել, որ չես ստանձնում»,-ասաց Հարությունյանը:
Նա, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթները, ասաց, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
«Ինչո՞ւ է օրենքում գրված մեկ այլ դրույթ ևս` Էթիկայի հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ: Բանն այն է, որ որոշ դեպքերում, երբ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվը հավասար չէ, հնարավոր են դեպքեր, երբ խմբակցությունները ստիպված են էթիկայի հանձնաժողովի մի քանի անդամ ներկայացնել, պատկերացրեք մի իրավիճակ, երբ ոչ ընդդիմադիր կա մեկ խմբակցություն և կա ընդդիմադիր չորս խմբակցություն: Այդ դեպքում ոչ ընդդիմադիր խմբակցությունը պետք է ներկայացնի չորս անդամի: Իսկ թե այդ չորս անդամներից ով կլինի նախագահ կամ տեղակալ, որոշվելու է խմբակցության ներկայացմամբ: Սակայն, բնական է, որ երբ խոսքը վերաբերում է միայն մեկ անդամի, ապա այդ պարագայում խմբակցության ներկայացման ահրաժեշտությունը վերանում է: Եթե խմբակցությունը, ներկայացնելով անձին, որպես հանձնաժողովի անդամ, ի սկզբանե ներկայացնում է անձին, որը դառնալու հանձնաժողովի նախագահ և տեղակալ», -օրենքի պահանջը մեկնաբանեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի հետագա գործունեությանը, ապա Դավիթ Հարությունյանի խոսքով, անձը կարող է անգործության մատնվել և չաշխատել:
Հարցին, թե եթե Փաշինյանը հայտարարում է, որ չի ստանձնում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, ուրեմն չի կարող մասնակցել հանձնաժողովի նիստերին, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ինքը հանձնաժողովի նախագահի տեղակալ է: Ես կարող եմ հայտարարել, ենթադրենք ցանկացած բան, բայց դրանից չի փոխվում այն, թե նա տեղակալ է, թե ոչ: Նա տեղակալ է, նա կարող է անգործության մատնվել, կարող է ոչինչ չանել, բայց ասել, որ նա չի ստանձնում…չկա այդպիսի բան: Օրենքը նախատեսել է, որ նա տեղակալ է, քանի որ նա միակ անդամն է, որը ներկայացնում է ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը»:
Նախորդիվ`
Չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները