Եվրոպական համակեցության մոդելը կիրառելի չէ Հարավային Կովկասի նկատմամբ
Ժամանակակից իրականության ամենաբնութագրիչ առանձնահատկությունը գլոբալացումն է, որի հոսանքների ներքո անկախացումից հետո հայտնված Հայաստանը անխուսափելիորեն սկսեց կրել հիմնականում եվրոպական, մասամբ նաև՝ ԱՄՆ-ի ազդեցությունը տարբեր բնագավառներում, հատկապես տնտեսական, քաղաքական և կրթական: Բայց այդ ազդեցությունն էլ տարբեր է. եթե ԱՄՆ-ի դեպքում գործ ունենք սոցիալական կյանքին առնչվող բազմապիսի հիմնահարցերի լուծմանն ուղղված օժանդակության տրամադրման հետ, ապա Հայաստանի եվրոպականացումը ենթադրում է հանրային հարաբերությունների ողջ համակարգի վերակառուցում:
Վերջինս հեռանկարում պետք է Հայաստանի ներսում ձևավորի սոցիոմշակութային այնպիսի մոդել, ինչպիսին գործում է եվրոպական շատ երկրներում և բնութագրվում է ազատությունների մեծացմամբ, սոցիալական գրեթե բոլոր համակարգեր շուկայական հարաբերությունների ներթափանցմամբ, հանդուրժողականությամբ և այլն:
Քանի որ նմանատիպ վերակառուցումներ տեղի են ունենում նաև Հայաստանի հարևան պետություններում, կարելի է ենթադրել, որ ժողովրդավարացման անվան տակ տեղի ունեցող այդ փոփոխությունները ողջ տարածաշրջանում լայն իմաստով հետապնդում են Հարավային Կովկասը նույնպես հեռանկարում դարձնել համակեցության եվրոպական մոդելով ապրող համակարգ: Սակայն դա հնարավոր չէ մի շարք պատճառներով:
Նախ, հարավկովկասյան երկրներն անկախացումից հետո կարճ ժամանակահատվածում հայտնվեցին արտաքին տարբեր ուժերի ազդեցության դաշտում և դարձան, ըստ էության, տարածաշրջանային և համաշխարհային տերությունների՝ հակասական շահերի կրողներ, ինչով փակեցին սեփական նախաձեռնություններով տարածաշրջանային հիմնախնդիրները լուծելու հնարավորությունը: Երկրորդ հանգամանքն այն է, որ կա էական տարբերություն Եվրոպայի և Հարավային Կովկասի պատմական զարգացումներում, որը Եվրոպայի պարագայում բերել է համակեցության խաղաղ, հանդուրժողական, առանց սահմանների մոդելի հաստատման, իսկ Հարավային Կովկասում՝ հակամարտությունների և անհանդուրժողականության տարածման: Բանն այն է, որ հեղափոխություններից ու երկար պատերազմներից հոգնած եվրոպացիների համար խաղաղությունը երազանքի պես մի բան էր դարձել, որին հասնելու համար երկրների ղեկավարներն ու ժողովուրդները գնացին նույնիսկ այն քայլին, որ օրերից մի օր որպես պետական սահմաններ հաստատեցին այդ պահին պետությունների զբաղեցրած դիրքերը: Յուրաքանչյուր երկրի համար կարևորագույն խնդիր էր դարձել անվտանգությունը, իսկ ո՞վ ավելի լավ կարող է դա երաշխավորել, քան հարևան երկրները: Այդ տրամաբանությամբ եվրոպական երեկվա թշնամի պետությունները դարձան մեկը մյուսի անվտանգության երաշխիք, իսկ կարճ ժամանակահատվածում ձեռք բերված փոխվստահությունը թույլ տվեց նրանց վերացնել սահմանները, ընդունել միասնական դրամական միջոց և այլն:
Այս գործընթացը սկզբունքորեն հնարավոր չէ Հարավային Կովկասում, նախ որովհետև այստեղ խաղաղությունը չի ընկալվում որպես կենսական անհրաժեշտություն, իսկ որոշ ուժերի համար պատերազմը նույնիսկ ավելի ցանկալի է, քան հարաբերական խաղաղ վիճակը: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ հարավկովկասյան երկրները չեն կարող հանդես գալ որպես մեկը մյուսի անվտանգության երաշխավորներ: Նույնիսկ եթե նմանատիպ համաձայնություն ձեռք բերվի երկրների ղեկավարների մակարդակում, ապա ժողովուրդների մոտ նման դիրքորոշման տարածումն այսօր անհնար է: Այս հանգամանքների պայմաններում համակեցության եվրոպական մոդելը կիրառելի չէ Հարավային Կովկասում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա