Փորձագետ. Եգիպտոսը կարող է կրկնել թուրքական փորձը
«Մոհամեդ Մուրսիի ընտրվելը Եգիպտոսի սոցիալ-քաղաքական կյանքի նոր փուլ է խորհդանշում, սակայն պարզ չէ, թե այն ինչ հեռանկարներ ունի», - այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում կարծիք հայտնեց ՌԴ Կրոնի և քաղաքականության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Իգնատենկոն:
Ըստ բանախոսի, Եգիպտոսի նոր նախագահը փորձում է ձերբազատվել զինվորականների ազդեցությունից, և փորձում է դա անել զգուշությամբ և դիվանագիտորեն, միաժամանակ` ձգտելով ստանալ ժողովրդական լայն զանգվածների համակրանքն ու աջակցությունը:
Փորձագետի կարծիքով` հենց դրան էր ուղղված Թահիրի հրապարակում` երդմնակալությանը նախորդող հանրահավաքի ժամանակ նրա ելույթը, որի ընթացքում նա մի քանի շեշտադրումներ է արել, մասնավորապես` հայտարարել աշխարհիկ պետության պահպանման և քրիստոնյա ազգաբնակչությանը լայ իրավունքների տրամադրման մասին:
«Դրանով Մուրսին շատ կարևոր քայլ կատարեց՝ նա փաստացի երդմնակալեց եգիպտական ժողովրդի առջև, այսինքն` շրջանցեց զինվորականներին, որոնք ցանկանում են ցույց տալ, որ իրենք են Մուրսիին նվիրել իշխանությունը», - ասաց բանախոսը` նշելով, որ Մուրսին խոսքից արդեն անցել է գործի. քրիստոնեային նշանակել է իրեն խորհդական, ինչպես նաև խոստացել է սալաֆիտներին` նպաստել ամերիկյան բանտից իրենց առաջնորդի ազատ արձակմանը:
Միաժամանակ Ալեքսանդր Իգնատենկոն հոռետեսություն հայտնեց Մուրսիի ապահայի վերաբերյալ: «Մուրսին չունի փայլուն ապագա, քանի որ Եգիպտոսում գոյություն ունեն սալաֆիտները, որոնք մեծ տեղ են զբաղեցրել եգիպտական խորհդարանում: Նա ցանկանում է ցույց տալ ինքնուրույնությունը և փորձում է տարանջատվել զինվորականներից, սակայն այս պահին նա չի կարողանում բացահայտ հանդես գալ զինվորականների դեմ», - ասաց փորձագետը:
Իր հերթին տեսակամուրջի մյուս մասնակից, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Սաժինը նշեց, որ Եգիպտոսում իրավիճակը շարունակում է փխրուն մնալ. «Չնայած, որ զինվորականները մի փոքր զիջել են իրենց դիրքերը, նրանք մինչև վերջ պայքարելու են իրենց ազդեցությունը Եգիպտոսի քաղաքական կյանքում պահպանելու համար»: Բացի այդ, ըստ բանախոսի, երկրի ներքաղաքական կյանքում շարունակելու է ուժեղանալ ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ազդեցությունը:
«Եգիպտոսում տնտեսական ճգնաժամ է այս պահին, քանի որ «արաբական հեղափոխության» ժամանակ մեծ ֆինանսական կորուստներ գրանցվեցին և ֆինանսական հիմնական օգնությունը Կահիրեին կարող են տրամադրել ԱՄՆ-ը կամ Սաուդյան Արաբիան» - նշեց նա:
Վլադիմիր Սաժինը հայտնեց, որ քիչ հավանական է համարում եգիպտա-իրանական սերտ հարաբերությունների ձևավորումը:Նրա կարծիքով, դրանք տնտեսական և դիվանագիտական դաշտերից այն կողմ չեն անցնելու:
Երևանյան տաղավարից ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Եգիպտոսը կարող է գնալ Թուրքիայի ճանապարհով:
«Եգիպտոսը կարող է կրկնել թուրքական փորձը, երբ իշխանությունը զինվորականներից աստիճանաբար անցնում է աշխարհիկ իշխանություններին», - նշեց նա:
Ըստ փորձագետի` Մուրսին ցանկանում է կոնսենսուսի հասնել զինվորական բարձրագույն ղեկավարության հետ, և չի դիմադրի, որ ԱՄՆ-ից ստացվող ֆինանսական օգնությունը կենտրոնանա նաև զինվորականների մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները