«ՀայՌուսգազարդը» տարին փակել է վնասով
«168 ժամը» գրում է, որ «ՀայՌուսգազարդը» վերջապես հրապարակել է 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը, և դրանում նշված է, որ ընկերությունը տարին փակել է 15.4 միլիարդ դրամ վնասով: «Նշենք, որ 2010թ. ընկերության վնասը կազմել 10.8 միլիարդ դրամ: Կուտակված վնասը 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 28.5 միլիարդ դրամ: Այսպիսով, ակնհայտ է դառնում, թե ինչու «ՀայՌուսգազարդը» չեր շտապում հրապարակել տարեկան հաշվետվությունը: Ուշ հրապարակվեց. դրանում, մեղմ ասած, հպարտանալու բան չկա: Նշենք նաև, որ հաշվետվության հրապարակման օրը` հունիսի 29-ին, «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել այդ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի աշխատանքային հանդիպումը: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են գազի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը»,- գրում է թերթը: