ԱՄՆ դեսպան. Գործընկերության խորացում. սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայաստանյան հյուրերի հետ միասին նախօրեին նշել է Միացյալ Նահանգների պետականության և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը: Դեսպան Ջոն Հեֆերնն ու ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ջերմորեն ողջունել են հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է «Սպեղանի» երգչախմբի կողմից երկու երկրների օրհներգների կատարմամբ, իսկ միջոցառման ողջ ընթացքում հնչում էր ամերիկյան ջազ և բլյուզ` ամերիկյան զինվորական «Քուլ ջազ ֆյուժեն» նվագախմբի կատարմամբ:
Դեսպան Հեֆերնն իր խոսքում նշել է, որ այս տարի լրացել է Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանը, ապա հավելել. «Գործընկերության խորացում, ընդհանուր արժեքների խթանում. սա մեր առաքելությունը, սրան են ուղղված մեր բոլոր ջանքերը Հայաստանում»:
Անկախության տոնը նվիրված է Միացյալ Նահանգների պետականության հռչակմանն ու Անկախության հռչակագրի ընդունմանը, որ տեղի ունեցավ 1776թ. հուլիսի 4-ին: